Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին (Վլադիմիր Գունդյաև) Պետական մրցանակ է շնորհել:
Հրամանագրում, որը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում, ասված է, որ Պատրիարքը մրցանակին արժանացել է «մարդասիրական գործունեության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար»:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը նշում է, որ 2020 թվականից պետական մրցանակի դրամական պարգևը 10 միլիոն ռուբլի է (ավելի քան 120 հազար դոլար): Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի մեկ մարդու, նախագահն իրավունք ունի բացառության կարգով այն շնորհել ևս մեկին: Այս տարի մրցանակին արդեն արժանացել էր Մոսկվայի Պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:
Պատրիարք Կիրիլն այսօր դարձավ 80 տարեկան: Նա Ռուս ուղղափառ եկեղեցին գլխավորել է 2009 թվականին՝ փոխարինելով Ալեքսի Երկրորդին:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time նախագիծը հիշեցնում է, որ Կիրիլը սատարում է Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը և համարում է, որ Ուկրաինայում կռվող ռուսները չեն խախտում «Մի սպանիր» պատվիրանը: Ռուս Պատրիարքի դեմ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Չեխիան և Ավստրալիան: