Մատչելիության հղումներ

Ռուսաստանի թշնամիները փորձում են իրար դեմ հանել երկու կրոնների հետևորդներին. Պատրիարք Կիրիլ


Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:

Ռուսաստանի թշնամիները փորձում են իրար դեմ հանել մեր երկրում երկու ավանդական կրոնների՝ քրիստոնեության և իսլամի ներկայացուցիչներին:

Այդպես է արձագանքել Կրասնոգորսում «Կրոկուս» համերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչական գրոհին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն, ով ելույթ է ունեցել Ռուսաց համաշխարհային ժողովրդական խորհրդի արտահերթ նիստում:

«Սցենարներն իրականացվում են կրոնական և ազգամիջյան գործոններով, մենք դա շատ լավ հասկանում ենք՝ տեսնելով, թե ովքեր են ոճրագործության անմիջական կատարողները: Ռուսաստանի թշնամիները փորձել են օգտագործել միգրացիայի հետ կապված ներքին խնդիրները և սրել ազգամիջյան հարաբերություններըմ՝ կիրառելով այդ թվում արմատական իսլամական գործոն»,- հայտարարել է Ռուսաստանի ուղղափառների հոգևոր առաջնորդը:

Նրա խոսքով՝ փորձ է արվել մարդկանց բաժանել և միմյանց դեմ տրամադրել կրոնական սկզբունքներով:

«Իհարկե, նման բան մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանում»,- ասել է պատրիարքը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է, 182 մարդ վիրավորվել է։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով, իսկ ահաբեկչությունը կատարելու համար մեղադրվողչորս անձինք կալանավորվել են։

Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա: Ուկրաինան հերքել է իր առնչությունը ահաբեկչությանը:

Օրեր անց, սակայն, Պուտինը հայտարարեց․ - «Մենք գիտենք, որ հանցագործությունը կատարել են ծայրահեղական իսլամիստները, սակայն մեզ հետաքրքիր է, թե ովքեր են պատվիրատուները»։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկինն էլ ասաց, թե ուկրաինական հատուկ ծառայություններն իբր «նպաստել են» այդ ահաբեկչությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG