Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք: Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանցմամբ՝ այս հայտարարությունը նա արել է Վիեննայում գումարված Եպիսկոպոսական հավաքի բացման նիստի իր ուղերձում:
Ըստ արքեպիսկոպոսի՝ սա կամրապնդի Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դիրքերը: Մաշալյանն առաջարկել է նաև սահմանել Ազգային եկեղեցական ժողովի գումարման հստակ ամսաթիվ։
Սինոդական կառույցը կրոնական-եկեղեցական կառավարման բարձրագույն մարմին է՝ բաղկացած բարձրաստիճան հոգևորականներից:
Պոլսո պատիրարքը, նշելով, որ երկկողմանի գրգռիչ գործողություններն ու արտահայտությունները խորացնում են իրավիճակը, շեշտել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է: Ըստ նրա՝ սինոդական կառույցի կազմում կարող են ընդգրկվել նաև որոշ ընդդիմադիր հոգևորականներ։ Սա, Մաշալյանի կարծիքով, կարող է հող նախապատրաստել անցումային շրջանում ելքեր որոնելու համար։
«Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:
Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա», - նշել է նա:
Թե ինչ արձագանք են ստացել այս առաջարկները, չի նշվում:
Ավստրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքի մասնակից բոլոր 25 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոների անունից հայտարարություն էր տարածվել, որով նրանք վերահաստատում են հավատարմությունը Էջմիածնին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել դարերով ամրագրված ինքնավարությունը:
Եպիսկոպոսական հավաքի մասնակիցները հարցերը երկխոսությամբ լուծելու հույս են հայտնել նաև՝ «զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»։ Դիմել են վարչապետ Փաշինյանին միացած եպիսկոպոսներին՝ հորդորելով ութ սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ «հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ», ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Այս ընթացքում նրան են միացել բարձրաստիճան հոգևորականներ: Կաթողիկոսը մի քանի անգամ ակնարկել է՝ հեռանալու մտադրություն չունի: