Խորհրդարանական ընտրություններից 74 օր առաջ իշխանություն-ընդդիմություն փոխադարձ վիրավորանքների ու գռեհիկ արտահայտությունների ինտենսիվությունն ավելի է ուժգնանում. քաղաքական ուժերն արդեն ոչ միայն միմյանց են արձագանքում, այլև կրկնօրինակում վիրավորական արտահայտություններն ու այլ ուժերի թիրախավորում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն օրեր շարունակ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին ծաղրական տեսանյութեր է հրապարակում, երկրորդ նախագահը, նախօրեին, «էշի պես զռալուց» էր խոսում: Փաշինյանն արձագանքեց՝ կրկնելով նույն արտահայտությունը, իսկ վարչապետի աշխատակազմին ենթակա կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը նույն խոսքերն ուղղեց ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած մեկ այլ ուժի թեկնածուին՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:
Եվ այս ամենը՝ քաղաքական ուժերի առաջնորդների մակարդակում, նրանց աջակիցների շրջանում գռեհիկ արտահայտություններին նույնիսկ հայհոյանքներ են ավելանում:
Քաղաքական թեմաներով շատ ավելի բարեկիրթ խոսքեր կարելի է լսել Երևանի փողոցներում, երբ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ՝ չհետևելով վարչապետի թեկնածուների օրինակին, հանգիստ, իրար կողքի կանգնած ու միմյանց մի թթու խոսք չասելով պատասխանում էին «Ազատության» հարցերին.
«Աստված խաղաղություն տա, այդ խաղաղությունը լավ բան է, բայց, եթե դա միշտ լինի: Լսում եմ բաներ, զգում եմ, որ այդ խաղաղությունը մեզ համար կեղծ է», ասաց քաղաքացիներից մեկը, մեկ ուրիշն էլ նշեց՝ «Ամենագլխավորը մեզ համար խաղաղությունն է, և ես համոզված եմ, որ խաղաղություն կլինի»:
«Ազատության» հետ զրուցած մարդիկ թեև տարբեր տեսակետներ ունեն, սակայն մի բանում միակարծիք են. քաղաքական գործիչները չափն անցնում են, տգեղ է։
«Ես խղճում եմ մեր ազգին, այդ թվում և ինձ, որ սենց օրի ենք մենք», «Կարելի է փաստացի նստել կլոր սեղանի շուրջ, բարեկիրթ ձևով դնել փաստերի առաջ, ոչ թե իրար վիրավորել, սիրուն չի, բարեկիրթ չի», «Որ ճիշտն ասեմ, շատ վատ եմ վերաբերվում այդ ամեն ինչին»,- ասում էին քաղաքացիները:
Փոխադարձ վիրավորանքների ու կոպիտ խոսքերի համատարած աղմուկի մեջ քաղաքացիներին հաջողվու՞մ է լսել, թե ինչ են առաջարկում իրենց քվեն հայցող քաղաքական ուժերը. «Ազատության» հետ զրուցած քաղաքացիները շատ ավելի կառուցողական քննարկումներ կուզեին տեսնել.
«Մարդավայել խոսակցություն լիներ, որ մեկը մեկին հասկանար, չվիրավորի, չկոպտի Դու էլ ես մարդ, ես էլ եմ մարդ, 90 տարեկան մարդ եմ, Երևանում եմ ապրում, երկրի ղեկավարը իրան թույլ կտա՞, թե՛ խորհրդարանի ամբիոնում, թե՛ տրոլեյբուսի մեջ, թե՛ մետրոյի մեջ այդ ձևի արտահայտություններ, այդ ձևի խոսի ժողովրդի հետ, չի կարելի», «Քաղաքական գործիչը չպետք է մեկը մյուսին էդ բառերը... ես չեմ էլ ուզում արտահայտեմ... «էշի նման զռալ» ...էդ ոնց կարելի ա, չի կարելի, դա մարդու պատիվը չի բարձրացնում»,- «Ազատության» հետ զրույցում նշում էին քաղաքացիները:
Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ՝ գռեհիկ խոսույթով և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները փորձում են համախմբել հենց իրենց աջակիցներին, սակայն այս եղանակով նոր մարդկանց հազիվ թե կարողանան ներգրավվել.
«Բոլորը, որոնք հիասթափված են քաղաքականությունից և ձգտում են չմասնակցել կամ չասոցացվել քաղաքական գործընթացների հետ, այս ամենի արդյունքում էլ ավելի են վանվելու քաղաքական միջավայրից, ավելի ցածր մասնակցություն և ներքաղաքական ներգրավվածություն են ունենալու, որն էլ խորացնում է քաղաքական ապատիան հասարակության մեջ»,- կարծում է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը:
Քաղաքագետը հղում անելով հետազոտությունների արդյունքներին, ընգծում է՝ 44-օրյա պատերազմից հետո բևեռացնող խոսույթ ունեցող քաղաքական ուժերը կորցրել են հանրային վստահությունը: Այն, որ քաղաքական դեմքերը շարունակում ու էլ ավելի են թեժանցում կրքերը, գուցե պայմանավորված է գոնե իրենց աջակիցներին չկորցնելու ցանկությամբ, քաղաքագետի խոսքով.- «Սեփական աջակիցների շրջանակները և շարքերը կուռ պահելու համար շարունակել նման հռետորաբանությունը՝ չձգտվելով առանձնապես չկողմնորոշված ընտրողներին ներգրավվելու ուղղությամբ»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն այսօր ասաց.- «Ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին, օրինակ՝ ինտելեկտուալ»,- իշխանական վերնախավից պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր հնարավարություն ուներ ընդունելու, որ նման խոսույթը քաղաքակիրթ չէ, սակայն դատելով պատասխանից՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հետքայլ անելու մտադրություն չունի՝ ինչպիսինն ընդդիմությունն է, այնպիսին էլ իշխանության խոսույթն է: