Մատչելիության հղումներ

ՌԴ փոխարտգործնախարարին ԱՄՆ վիզա չտրամադրելը ոչ բարեկամական ակտ է. Պեսկով

Դմիտրի Պեսկով, Կրեմլի խոսնակ
Դմիտրի Պեսկով, Կրեմլի խոսնակ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Ալիմովին ԱՄՆ վիզա չտրամադրելու Վաշինգտոնի որոշումը ոչ բարեկամական գործողություն է Մոսկվայի նկատմամբ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ալիմովն ԱՄՆ վիզայի համար դիմել էր՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար:

«Անկասկած, այս հարցը [վիզայի մերժումը] կբարձրացվի ամերիկյան կողմի հետ շփումների ժամանակ։ Սա մեր երկրի դեմ ուղղված ոչ բարեկամական գործողությունների ևս մեկ շարք է»,- ասել է Պեսկովը։

Ավելին, ըստ նրա՝ այս գործողությունները հակասում են Միացյալ Նահանգների՝ որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկրի, պարտավորություններին։ «ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկիրը չպետք է թույլ տա նման գործողություններ։ Ընդհակառակը, այն պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի բոլոր անդամների հավասար մասնակցությունը»,- հավելել է նա։

Ի դեպ, ԱՄՆ-ն վիզա չի տրամադրել նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասին, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանա մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու և տեսակապով կհղի իր ուղերձը:

Չնայած Իրանի հետ ընթացող պատերազմին՝ ԱՄՆ-ն վիզաներ տրամադրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին, սակայն ճանապարհորդական խիստ սահմանափակումներ է սահմանել և կրճատել է պատվիրակության կազմը:

Կրեմլի խոսնակը նաև անդրադարձել է ԵՄ որոշ երկրների կողմից ռուս միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի և Միխայիլ Ֆրիդմանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուն, ինչը զայրացրել է ԵՄ որոշ երկրներին և Ուկրաինային։ Ռուս պաշտոնյան ասել է, որ ոչ միայն Ուսմանովի և Ֆրիդմանի, այլև Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած բոլոր պատժամիջոցներն են անօրինական, հետևաբար պետք է վերացվեն:

XS
SM
MD
LG