ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ կերկարաձգի վիզային պատժամիջոցները Պաղեստինի ինքնավարության պաշտոնյաների և Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամների նկատմամբ, ինչի հետևանքով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն արդեն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանա մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու:
«Միացյալ Նահանգների առջև ստանձնած պարտավորություններին հակառակ՝ բարեփոխումների իրականացման ձախողման և խաղաղության հեռանկարները խաթարող շարունակական գործունեության հետևանքով Միացյալ Նահանգները կընդլայնի պատժամիջոցները, որոնք մերժում են վիզաների տրամադրումը Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամներին և Պաղեստինի ժողովրդական կուսակցության պաշտոնյաներին», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարությունում։
Պետդեպարտամենտը նշել է, որ Պաղեստինի Ինքնավարությունը խախտել է ԱՄՆ օրենսդրությունը՝ ձգտելով Պաղեստինի պետականության միջազգային ճանաչմանն ուղիղ բանակցություններից դուրս, Իսրայելի հետ իր վեճը միջազգային դատարաններ տեղափոխելով և փոխհատուցում վճարելով այն անձանց և նրանց ընտանիքներին, որոնց ԱՄՆ-ն և Իսրայելը համարում են դատապարտված հարձակվողներ:
Հայտարարությունում նաև նշվում է, որ վիզաների հարցում բացառություն կարվի ՄԱԿ-ում Պաղեստինի ինքնավարության առաքելության համար՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատանքների մասին համաձայնագրի շրջանակում, որը թույլ է տալիս իր աշխատակիցներին շարունակել աշխատանքը, նույնիսկ եթե առանձին պաշտոնյաներին արգելվի մուտք գործել ԱՄՆ։
Ըստ Al Jazeera-ի՝ ակնկալվում էր, որ այս տարվա իր ելույթում Մահմուդ Աբբասը կոչ կանի, որ վերսկսվեն Պաղեստինի պետականության միջազգային ճանաչման և երկու պետության սկզբունքով Իսրայելի հետ հակամարտության լուծման ջանքերը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան և արևմտյան այլ երկրների կառավարությունների ճանաչեցին Պաղեստինը:
Նաև ակնկալվում էր, որ Աբբասը միաժամանակ ուշադրություն կհրավիրի Գազայի հումանիտար աղետի և օկուպացված Արևմտյան ափին իսրայելական անօրինական բնակավայրերի ու վերաբնակների կողմից իրականացվող ջարդերի արագ ընդլայնման վրա, գրում է աղբյուրը։
Իսրայելցի ոչ մի պաշտոնյա չի ենթարկվում ԱՄՆ-ի կողմից ճանապարհորդական նման սահմանափակումների, չնայած Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը՝ Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար, գրում է Al Jazeera-ն։
Անցյալ տարվա արգելքը քննադատության արժանացավ պաղեստինցի պաշտոնյաների և ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների կողմից, որոնք հայտարարեցին, որ վիզայի արգելքը խախտում է ԱՄՆ-ի պարտավորությունը՝ թույլ տալ ՄԱԿ-ի կողմից հրավիրված անձանց մեկնել Նյու Յորքի կենտրոնակայան: Նրանք պնդում են, որ պաղեստինցի ներկայացուցիչներին առանձնացնելը և իսրայելցի առաջնորդներին պաշտպանելը խաթարում է Վաշինգտոնի հայտարարած հանձնառությունը խաղաղության հարցում:
Քանզի Մահմուդ Աբբասին անցած տարի ևս չէր տրվել ԱՄՆ մուտքի վիզա, նա տեսակապով էր ելույթ ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: