Մատչելիության հղումներ

Չեռնոգորիայում ձերբակալվել է ռուսական «Рыбарь» քարոզչական նախագծի ղեկավարը

 «Рибарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը, 28-ը ապրիլի, 2023թ. Մոսկվա
«Рибарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը, 28-ը ապրիլի, 2023թ. Մոսկվա

Չեռնոգորիայի ոստիկանությունն այսօր առավոտյան ձերբակալել է մի քանի անձանց, որոնք ներգրավված են եղել ռուսական «Рыбарь» քարոզչական նախագծի աշխատանքներին: Այս նախագիծը մեղադրվում է նաև ապատեղեկատվություն տարածելով Հայաստանում այս տարի անցկացված խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ:

Չեռնոգորիայի Pobjeda և Vremje լրատվամիջոցների հաղորդմամբ, ձերբակալվածների թվում են նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը, որի նկատմամբ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել: Նրանք, ենթադրաբար, ձերբակալվել են Կոտորի ծոցի ափին գտնվող Ռիսան քաղաքում: Ձերբակալվածների թվում են նաև Վալերիա Զվինչուկը և ևս երեք անձ։

Ոստիկանությունից բացի՝ գործողությանը մասնակցել է նաև երկրի Ազգային անվտանգության գործակալությունը։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Կասկածյալների մեղադրանքների վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ կամ տեղեկություններ չկան։

Ավելի ուշ Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպաիչը հաստատել է Միխայիլ Զվինչուկի ձերբակալությունը։ «Մենք չենք բացահայտի այնպիսի տեղեկություններ, որոնք պետք է մնան անվտանգության ծառայությունների պատասխանատվության տակ։ Այնուամենայնիվ, այսօրվա հաջող գործողությունից հետո, որի արդյունքում ձերբակալվեց «Рыбарь» տեղեկատվական ցանցի ղեկավարը, ուղերձը հստակ է. պետական հաստատությունները կատարում են իրենց աշխատանքը, իսկ Չեռնոգորիան պաշտպանում է իր շահերը», - X-ում գրել է նա:

2024 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտի «Արդարադատության համար պարգևատրում» ծրագիրը հայտարարեց մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին տեղեկատության համար, որը կհանգեցներ «Рыбарь» նախագծին ներգրավված անձանց ինքնության կամ գտնվելու վայրի բացահայտմանը, որոնք մեղադրվում էին ԱՄՆ քաղաքականությանը միջամտելու մեջ։

ԵՄ-ում «Рыбарь»-ը մեղադրվում է այսպես կոչված հիբրիդային գործողություններին մասնակցելու, ապատեղեկատվության և ռուսական պետական քարոզչության տարածման մեջ։

Զվինչուկի դեմ պատժամիջոցները հիմնավորելիս ԵՄ-ն հղում էր արել նրա անդամակցությանը Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերին ստեղծված աշխատանքային խմբին՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված Ռուսաստանի մոբիլիզացիոն ջանքերը համակարգելու համար: «Рыбарь» նախագծի ռուսալեզու Telegram ալիքն ունի ավելի քան 1,5 միլիոն բաժանորդ, մինչդեռ անգլերեն լեզվով ալիքը՝ գրեթե 80,000:


«Ազատությունն» ավելի վաղ հայտնել էր, որ «Рыбарь»-ը, գործունեություն է ծավալել նաև Չեխիայում: Մասնավորապես, նախագծի նկարահանող խմբերը մեկնել են Չեխիա և այլ եվրոպական երկրներ, որտեղ հարցազրույցներ են ձայնագրել քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ: Ընդորում, ըստ պարբերականի, հարցազրույց տված անձանց համար միշտ չէ, որ պարզ է եղել, թե որ նախագծի համար է նախատեսված տեսանյութը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG