Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել, դեպքը կապ չունի Սիսիանի զորամասի հետ. ՊՆ

Բանակում պայմանագրային զինծառայող է մահացել, «Ազատության» հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին Պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում», - ասաց Թորոսյանը:

«Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի», - նաև ընդգծեց ՀՀ ՊՆ խոսնակը՝ այլ մանրամասներ չփոխանցելով:

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում»։

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղ այսօր մի ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու՝ տեղացի մի կնոջ ոտքին: Ըստ գյուղապետի՝ կնոջ կյանքիվ վտանգ չի սպառնում: Ադրբեջանցին ձերբակալված է:

​
XS
SM
MD
LG