Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե այդ երկիրը փոխի իր վարքագիծը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Լրագրողների հարցին, թե ո՞րն է ԵՄ մոտեցումը պատժամիջոցների վերացման հարցում, Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանել է. «Պատժամիջոցների սկզբունքն այն է, որ մեզ անհրաժեշտ են իրական փոփոխություններ տեղում, նախքան կմտածենք դրանք վերացնելու մասին»։
«Եթե վարքագիծը փոխվում է հավաստի կերպով և դա հնարավոր է ստուգել, ապա կարող ենք վերացնել պատժամիջոցները», - հավելել է եվրոպացի պաշտոնյան։
Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցները սահմանվել են մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման և Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին ռազմական աջակցության համար:
Պատժամիջոցները սկսվել են 2011-ից և բազմիցս ընդլայնվել են, վերջին անգամ՝ 2026-ին, ու ներառում են Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային գործունեության սահմանափակումներ: