Մատչելիության հղումներ

«Պատճառը՝ հայհոյանքը». 10 տարեկան երեխաների միջև ծեծն ավարտվել է հիվանդանոցում


10 տարեկան երեխաների միջև ծեծն ավարտվել է Իջևանի հիվանդանոցում։ Այս անգամ էլ անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լրատվամիջոցից հայտնի դարձավ:

Իջևանի 4-րդ միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի 2 աշակերտներ դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին ծեծել են համադասարանցուն, որն էլ «դեմքի շրջանի քերծված վերքեր, վերին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Իջևան» բժշկական կենտրոն։

«Պատճառն, ըստ իրենց ասելու, եղել է հայհոյանքը: Մեկը մյուսին հայհոյել է: Վաղը նորից ծնողներին, երեխեքին կկանչենք, հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի նմանատիպ բանը բացառվի», -դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանը «Ազատությանը» պատմեց, որ առավոտ 9-ից ծնողները դպրոցում են, հոգեբաններն աշխատում են երեխաների հետ։ Տնօրենն ասում է՝ իր համար էլ անսպասելի էր, որ այս տարիքի երեխաները կարող էին այսպիսի ագրեսիա ցուցաբերել։

Դպրոցի տնօրեն Արմեն Խոջայան. - « Մի թաղամասի երեխաներ են: Դա դպրոցական բան չի եղել, երեխեք են: 10 տարեկան են, մի քիչ էլ անսպասելի է նույնիսկ 10 տարեկան երեխաների պահվածքը»:

«Ազատություն». - Դպրոցում չի՞ նկատվել, որ երեխաների միջև լարվածություն կա, խնդիր կա:

Արմեն Խոջայան. - «Դպրոցում նմանատիպ բան որ նկատվեր, մենք չէինք թողնի, որ գնային: Շատ լուրջ աշխատանք է տարվում երեխեքի հետ, դասղեկը շատ հետևողական է, դեպքն էլ եղել է դասերից 25 րոպե հետո»:

ՆԳՆ-ից հայտեցին, որ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին։ Տնօրեն Խոջայանը, սակայն, լավատես է՝ այսօր կռվել են, վաղը՝ կբարիշեն. «Այն տարիքն է, որ նույնիսկ կարող է հաջորդ պահին էլ իրար հետ շփվել են, հետո էլ ծնողներն են իրար տեսել, երեխեն է գնացել, ներողություն են խնդրել, այնպես որ ամեն ինչ արվում է, նրանք կարող է հիմա ավելի լավ հարաբերություններ ունենան, քան մնացածը», - ասում է դպրոցի տնօրենը:

Դանակը չպետք է հասնի ոսկորին, պետք է կանխարգելիչ միջոցներ կիրառվեն. փորձագետ

10 օր առաջ էլ հանրությանը ցնցել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ պատանիներ էին դաժան ծեծում, ստորացնում մեկ այլ անչափահասի։ Զորականի այս դեպքի հինգ մասնակիցներից մեկին կալանավորել էին մեկ ամսով, երեքին՝ 20 օրով, մեկին տնային կալանք էին տվել: Սոցցանցերում դատապարտող տարբեր հայտարարությունների ֆոնին՝ ծեծված երեխայի հայրը շտապեց մեղմել իրավիճակն՝ ասելով, թե տղաները միասին բանակ են գնալու, պետք է իրար պարզ ճակատով նայեն։ Իրավիճակի պատասխանատվութան առյուծի բաժինն, այդուհանդերձ, պետական պատասխանատու կառույցներին էր հասցեագրված։

Սա համակարգային խնդիր է, և եթե բոլոր օղանակները՝ ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, հիվանդանոցը գործին չեն ներգրավվում, ապա կոնկրետ դեպքը համայնքում հմտորեն թաքցվում է։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանի պնդմամբ՝ դանակը չպետք է հասնի ոսկորին, պետք է կանխարգելիչ միջոցներ կիրառվեն։

«Մենք չենք իմանում տարբեր ծեծերի մասին, մենք չենք իմանում տարբեր թեթև առողջական խնդիրների մասին, մենք միշտ իմանում ենք այս դաժան դրսևորումների մասին, երբ դանակը հասնում է ոսկորին, և մենք կա՛մ ունենում ենք խուլիգանություններ, առևանգումներ, առողջությանը պատճառված ծանր վնասներ, կա՛մ ծանր հետևանքներ: Այդ իսկ պատճառով՝ մենք պետք է արձագանքման մոտեցումներից անցում կատարենք դեպի կանխարգելիչ մոտեցումներ: Իսկ կանխարգելիչ մոտեցումներն իրականացնելու համար պետք է հիմնականում աշխատացնենք մանկավարժներին, որովհետև երեխաներն իրենց օրվա մեծ մասն անց են կացնում դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում, այնտեղ գտնվելով իրենք ցույց են տալիս իրենց բոլոր հատկանիշները թե՛ դրական, թե՛ բացասական», - շեշտում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը:

Ե՛վ Զորականի, և՛ Իջևանի երեխաների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո դպրոցի ղեկավարության առաջին արձագանքն այն է, որ կռիվը ուսումնական կենտրոնում չի եղել։ Ըստ Թումասյանի՝ անգամ էական չէ՝ ծեծը որտեղ է տեղի ունեցել, որովհետև դեպքի նախապատմությունը ինչ-որ մի պահի, ինչ-որ մի ձևով դպրոցում է ի հայտ գալիս։

«Օրինակ՝ երեխաները վիճել են դպրոց գալու ճանապարհին, բայց հաստատ դասաժամին ուսուցիչն անհնարին է նկատած չլինի լարվածություն, թարս հայացք, բուլինգի նշաններ, եթե արձագանք իրականացնի այդ բոլոր դրսևորումների վրա, տրամաբանական է՝ այդ դեպքը շարունակելիություն չի ունենա», - ընդգծեց փորձագետը:

Ուսուցիչը, դպրոցը պետք է դառնան բռնության կանխարգելող առաջնային օղակնեից մեկը։ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետն ասում է՝ դա նաև օրենքով է ամրագրված: Մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 29-ին ուժի մեջ մտած օրենքով ամրապնդվում է պետության դերը որպես երեխայի իրավունքների հիմնական պատասխանատուի։ Իսկ եթե հիմա էլ օրենքը թղթի վրա մնա, ապա ամեն անգամ երեխաների մասնակցությամբ բռնության մասին լսելուց հետո հասարակությունը սկզբից կալեկոծվի, հետո կմոռանա մինչև հաջորդ բռնության դեպքը։

«Ազատության» ռեպորտաժը ստորև.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG