Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար Վինսեն Ժիրոն քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նրանք խոսել են նաև միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
Սուրեն Պապիկյանն այսօր է պաշտոնական այցով ժամանել Ֆրանսիա:
Նա «Ֆրանսիայի միջազգային ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպել է նաև պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ըստ ռազմական գերատեսչության՝ քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Հայաստանն ու Ֆրանսիան 2023-ի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։
Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։
Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։