Մատչելիության հղումներ

Պաշտոնը նաև զսպվածություն է. իրավապաշտպանը քննադատում է Սրբուհի Գալյանին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է՝ նաև արդարադատության նախարարն է պատասխանատու, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ են մահանում: Մահվան վերջին դեպքի մանրամասներին ծանոթ Հովհաննիսյանն ասում է՝ սա նաև Սրբուհի Գալյանի աշխատանքի ցուցիչն է:

«Այստեղ պետության բացն է, և կրում է պատասխանատվություն այն կառույցը, որը այդ վերահսկողությունն է իրականացնում անձի նկատմամբ։ Այս դեպքում երկու կառույցներն են՝ Արդարադատության նախարարությունն է՝ ի դեմս նաև քրեակատարողական ծառայության և Առողջապահության նախարարությունն է, որը մարդու առողջության իրավունքն է պահպանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Փետրվարի սկզբին Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել էր կալանավորներից մեկի վիճակը: 44-ամյա տղամարդուն տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, այնուհետև պալիատիվ բուժօգնության կենտրոն, որտեղ էլ անցած շաբաթ մահացել էր: Գալյանը երեկ զայրացավ, երբ լրագրողը հարցրեց՝ նախարարը մեղքի զգացում ունի՞, որ բանտում հերթական մահն արձանագրվեց:

«Ո՛չ, ի՞նչ եմ արել: Դուք Ձեր մեղավորությունը զգո՞ւմ եք...», - ասել էր նախարարը:

Անթույլատրելի և անտրամաբանական է նախարարի համեմատությունը, ասում է՝ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Հովհաննիսյանը, հիշեցնում՝ պետությունն է պատասխանատու իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի և առողջության համար, քանի որ նրանք զրկված են իրենց առողջական խնդիրներով ինքնուրույն զբաղվելու հնարավորությունից: Բանտում մահացած Տավրոս Ոսկանյանի մարմնում եղել են օտար մարմիններ, որոնց մի մասն անգամ հեռացված չի եղել:

«Ի՞նչ եմ արել կամ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել», - ասել էր Սրբուհի Գալյանը:

Առնվազն ինքնավնասման դեպքերը պետք է կանխվեին, նախարարին արձագանքում է իրավապաշտպանը, հարցնում՝ ինչպե՞ս է ստացվել, որ քրեակատարողական հիմնարկում մարդը պարբերաբար ինքնավնասման է դիմել, իսկ Գալյանի պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկում այդ ամենը չի կանխվել. «Անձն ունեցել է ոչ միայն առողջական լրջագույն խնդիրներ, այլև օտար մարմիններ, որոնք հայտնվել են իր մարմնում, և դրանք այդպես էլ չեն հեռացվել, ուստի այս դեպքում որևէ կերպ չի կարելի ասել՝ դե մենք չգիտեինք, մեզ պատշաճ կերպով չէին տեղեկացրել, թեպետ և նույնիսկ չտեղեկացնելու պարագայում, եթե անձը գանգատ է բարձրացնում նույնիսկ քրեակատարողական ծառայողի մոտ, ծառայողը պարտավոր է այդ գանգատը հասցնել համապատասխան վայր»։

Քրեակատարողական հիմնարկներում անցած տարի մահվան 24 դեպք է գրանցվել, որոնցից 8-ը՝ ինքնասպանություն: Բայց նախարարը երեկ մեկնաբանում էր՝ մարդիկ երբեմն առողջական վիճակով պայմանավորված մահանում են անգամ բանտում, հաճախ կամ երբեմն էլ՝ դրսում: Իսկ իր մեղավորության մասին լրագրողի հարցից հետո նաև զգուշացրեց իրեն այլևս այդպիսի հարցեր չուղղել:

«Իրականում պաշտոնը միայն մասնագիտական գործունեություն չէ, շատ հաճախ շատերը թափահարում են, որ իրենք լավ են սովորել, իրենք կարող են իրականացնել, պաշտոնավարել այդ դիրքում, պաշտոնը նաև այն զսպվածությունն է և այն հաղորդակցային հմտություններն են, որոնք նրանք կարող են իրականացնել հասարակության հետ, լրագրողների հետ, ընդդիմախոսների հետ, և այստեղ մենք տեսնում ենք, որ անտեղի և միգուցե նաև այդ հմտությունները չունեցող անձանց հետ մենք գործ ունենք, որոնք ավելի շատ տանում են ծաղրանքի, վիրավորանքի և ոչ հարգալից կոմունիկացիայի դաշտ», - նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

Հենց Սրբուհի Գալյանն էր ամիսներ առաջ հպարտացել իր ստացած կրթությամբ, անգամ տարակուսել՝ 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ մի տասը տարում չունենա: Արդարադատության նախարարը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետի միակ անդամը չէ, որի վարքն այս օրերին քննադատվեց: Մի կարճ տեսանյութ էլ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էր նկարել՝ հեգնելով իրեն քննադատած բժշկական համայնքին:

Իսկ պոլիկլինիկաների բուժաշխատողներից ոմանք այս օրերին սկսել են բարձրաձայնել, որ առողջության ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց գործն ավելացել է, բայց աշխատավարձը՝ զգալի կրճատվել:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ պաշտոնյաների այս վարքը նշանակում է՝ չեն տիրապետում իրենց ոլորտին և չունեն պաշտոնյային հարիր զսպվածություն:

XS
SM
MD
LG