Մատչելիության հղումներ

Քաղաքական հետապնդում չկա՞. Փաշինյանը կանխավ հերքում է ընդդիմության ահազանգերը

Չսպասելով տեսչական մարմնի եզրակացությանը՝ վարչապետն այսօր առավոտյան արդեն կասկածի տակ դրեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների ահազանգը քաղաքական հետապնդման մասին:

Խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժին ձայն տված Ստեփանավանի բժշկական կենտրոնի բուժքույր Մանուշակ Լալազարյանի խոսքով՝ իրեն ու բուժքույր հարսին ղեկավարները պարտադրել էին ազատման դիմում գրել:

Ամիսներ անց, սակայն, հիվանդանոցի տնօրենը բացատրագիր է ներկայացրել, թե իբր նրանք իրենց կամքով են հեռացել, իսկ պատճառն էլ եղել է այն, որ սկեսուրի փոխարեն գրանցամատյանում ստորագրել է հարսը:

«Հրապարակային պարտավորվում եմ՝ ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյան հրապարակային կպատժվի», - ասել է Փաշինյանը:

Ինչպե՞ս է այդ բացատրագիրը հայտնվել Փաշինյանի ձեռքում։ Վերջին օրերին նա ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է անում ապօրինի ճնշումների դեպքում դիմել անձամբ իրեն՝ խոստանալով պատժել մեղավորներին: Ինչո՞ւ, սակայն, «Ուժեղ Հայաստանի» դեպքում վարչապետը չսպասեց պաշտոնական ստուգումներին ու շտապեց հերքել քաղաքական հետապնդման մասին ահազանգը:

«Ինձ մոտ այդպիսի հարցեր չեն ծագում՝ ինչո՞ւ, որտեղի՞ց, որովհետև եթե մարդն էությամբ դիկտատոր է, ոչինչ նրան չի խանգարում պահանջել ու ստանալ դրանք», - ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանի խոսքով, ոչ մի իշխանություն ոչ մի փաստաթղթում երբեք չի ընդունել, թե քաղաքացուն իր քաղաքական հայացքների համար են հեռացնում: Ինչ-որ զանցանք, ինչ-որ հանցանք գտել են ու հեռացրել աշխատանքից:

«Սա նորություն չէ, ուղղակի շատ ավելի կատարելագործված ձևերով է դրսևորվում: Առանձին դեպքերում բացառիկ ցինիզմով է առաջնորդվում», - ասաց Կարապետյանցը:

Կոռուպցիոն սկանդալների, օրինակ՝ ԱՆԻՖ-ի, միլիոնավոր դոլարների փոշիացիումը թողել ու ընկել են ընդդիմադիրների հետևից՝ նկատում է Կարապետյանցն ու պնդում՝ Փաշինյան իր հայտարարություններով խրախուսում է իրավապահներին, որ հետապնդումներ իրականացնեն ընդդիմախոսների նկատմամբ:

«Սրա պատճառներից մեկը, Փաշինյանի խոսքով, «սուպերվարչապետական» լիազորություններն է, երկրորդը՝ «կառավարությունը ես եմ» արտահայտությունը, երրորդը՝ միջազգային գործընկերների լռությունը կամ նրան ջատագովելն է», - ընդգծեց իրավապաշտօանը:

Փաշինյանի հայտարարություններից ու կոչերից հետո այսօր առավոտյան՝ տեղական ընտրություններից չորս օր առաջ, իրավապահները ընտրակաշառքի կասկածով ձերբակալեցին Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին և ևս 13 ընդդիմադիրի:

«Վարչապետն իրեն ոչ միայն վարչապետ է պատկերացնում, այլ որպես դատարան, դատավոր, դատախազ և ամեն ինչ: Նա պատկերացնում է իրեն որպես միահեծան իշխանավոր: Չի հասցնում նա ինչ-որ բան հայտարարել, երբ իրավապահներն արդեն պատրաստի գործերը կազմում են և հայտարարում են այդ մասին: Կհիշեք նախընտրական փուլում՝ «տարեք սրան»՝ արցախցուն տարանք և փակեցին», - ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանները շարունակ ահազանգում են ընտրովի արդարադատության մասին, քննադատում իրավապահներին՝ միայն Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու համար:

Վերջիններս, սակայն, հակադարձում են, որ խտրական մոտեցում չեն ցուցաբերում: Թարմ օրինակներց մեկն էլ վերաբերում է Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայի գործին: Օրերս հակակոռուպցիոնը դատարան ուղարկեց նրա մեղադրական եզրակացությունը, որով այդ պաշտոնյան խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու պայմանով երեք հոգու առավելություն է տվել՝ երկուսին տեղեկանքներ է տրամադրել, որ օգտվեն հոսանքի վարձի զեղչից, երրորդին էլ՝ կեղծ տեղեկանք, թե քաղաքացին զբաղվում է անասնապահությամբ, որ արտոնյալ վարկ ստանա:

Վարչապետն իր երեկվա լայվում ընդգծել է՝ իրենց նպատակը ժողովրդավարական ուղուց չշեղվելն է:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG