Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին, որը կազմակերպել է Euronews-ը, տեղեկությունը «Ազատությանը» հաստատել է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Գագաթնաժողովի շրջանակում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնյաները կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ժողովրդավարությունը, բարեփոխումները և անդամակցության ուղին:
Քննարկումների առանցքում կլինեն թեկնածու երկրների առաջընթացը, երկու կողմերից պահանջվող բարեփոխումները, պարտավորություններն ու ինստիտուցիոնալ փոփոխությունները, ինչպես նաև ընդլայնման ընձեռած տնտեսական հնարավորություններն ու դրա հետևանքները։
2025 թվականի մարտին Ազգային ժողովն ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը: Նիկոլ Փաշինյանը այս օգոստոսին հայտարարել է, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:
Հոկտեմբերի սկզբին էլ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին: Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։ Երևանը, սակայն, գործնական քայլեր չի արել, Եվրամիությանն անդամակցության հայտ չի ներկայացրել: Ավելին՝ վարչապետ Փաշինյանի հավաստմամբ՝ Հայաստանն առայժմ մտադրություն չունի դուրս գալու մեկ այլ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Հայաստանի տնտեսական միությունից՝ Եվրասիական տնտեսական միությունից:
Եվրամիության հետ մերձեցման թեման տարեսկզբից մեծ լարվածություն է առաջացրել հայ - ռուսական հարաբերություններում: