Մատչելիության հղումներ

Փաշինյանը անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ

Ընտրություններից հետո խոսելով անկլավների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լուծեն այդ հարցը։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին անգամ անկլավների թեման կապեց Հայաստանի օկուպացված տարածքների հետ։

«Եթե մենք գնում ենք այն կանխավարկածով, որ ով ինչ տիրապետում է, ուրեմն դա իրանն է, դա նշանակում է՝ Ջերմուկի տարածքների, մնացած մեր օկուպացված տարածքների հարցը մենք օրակարգից հանում ենք։ Մենք պետք է գնանք դե յուրե ճանապարհով, այն քարտեզներով, որ դրված են սեղանին, և որով մենք արդեն սահմանազատում իրականացրել ենք Տավուշի մարզի հատվածում», - ասաց Փաշինյանը։

2024-ին տավուշյան չորս գյուղերի վերադարձից հետո, սակայն, սահմանագծումը կանգ է առել։ Երկու տարում կողմերը միայն պայմանավորվել են գործընթացը շարունակել հյուսիսից հարավ, այսինքն, սկսելով Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանի տավուշյան հատվածից, ավարտելով Սյունիքում։ Թե ե՞րբ հերթը կհասնի խնդրահարույց կետերին, Ադրբեջանի գրաված հայկական հողերին, ինչպես նաև անկլավներին, առայժմ չի հաղորդվել։ Կողմերը նաև չեն հստակեցնում, թե անկլավների դեպքում ինչ լուծում են պատկերացնում։

«Երբ որ կլինեն տարբերակներ, այդ տարբերակներով մենք ժողովրդի առաջ հանդես կգանք։ Ես ընդամենը ասում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ այդ հարցը կա, իրավիճակը հայելային է։ Ինչ լուծում Արծվաշենի դեպքում կլինի, նույն լուծումներն էլ կլինեն մյուսների դեպքում։ Որովհետև եթե մենք ասենք՝ գիտեք ինչ, չէ, այդ քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, մենք դրանով Ադրբեջանին հնարավորություն կտանք ասելու, որ, հա, Ջերմուկի տարածքը քարտեզում կա, բայց դա մեզ չի հետաքրքրում, որովհետև մեր կոնտրոլի տակ է», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Անկլավների մասին վարչապետը դեռ հինգ տարի առաջ 2021-ին էր ասել, որ Ադրբեջանն այդ հարցը բարձրացնում է, սակայն Փաշինյանը կասկածի տակ էր դնում, որ դրա իրավական հիմքերը կան։ Հետագայում, այսօր էլ վարչապետը խոսել է տարածքների փոխանակության կամ ամեն ինչ նույն ձևով թողնելու սցենարների մասին։

Այսօր նաև Ադրբեջանի արտգործնախարարն է անդրադարձել անկլավներին։

«Դելիմիտացիայի հարցով հանձնաժողովները աշխատում են, արդեն ունեցել ենք դրական արդյունքներ։ Իհարկե, այս գործընթացի շրջանակում կքննարկվեն և կլուծվեն նաև էքսկլավային գյուղերին վերաբերող հարցերը», - ասել է Ջեյհուն Բայրամովը։

Երեքը մեկի դիմաց հարաբերակցությամբ ադրբեջանական և հայկական անկլավները, ըստ տարբեր հաշվարկների, գրեթե նույն տարածքի են։ Արծվաշենը մոտավորապես 38-ից 40 քառակուսի կիլոմետր է, իսկ ադրբեջանական երեք անկլավները միասին շուրջ 44 քառակուսի կիլոմետր: Հայաստանի ու Ադրբեջանի մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի 12 կիլոմետրն է սահմանազատվել:

Բայրամովը կրկնել է Սահմանադրության փոփոխության պահանջը, Փաշինյանն արձագանքում է

Ի տարբերություն անկլավների, խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմանի հարցում Ջեյհուն Բայրամովն այսօր հստակ էր՝ Բաքուն չի ստորագրի փաստաթուղթը մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը. «Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է հետևողական և սկզբունքային: Նախագահ Իլհամ Ալիևը բազմից հայտարարել է, որ Ադրբեջանի գլխավոր ակնկալիքն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ լրացուցիչ խոչընդոտ չի մնա, և փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն հաջորդ օրը»։

Բաքուն մասնավորապես պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։

Երևանը դեմ չէ, «Քաղաքացիական պայմանագիրն» անգամ նախընտրական խոստում է տվել սահմանադրական փոփոխությունների: Ընտրությունների արդյունքներով, սակայն, պարզ դարձավ, որ իշխանությունը խորհրդարանում չունի բավարար մանդատ՝ նախաձեռնելու համար:

«Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և 726 հազար մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգը կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է վերլուծենք իրավիճակը և դիրքավորվենք այդ թեմայի շուրջ», - հայտարարեց Փաշինյանը։

Թե ինչպե՞ս է հնարավոր առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության հանրաքվեի հասնել, կառավարող ուժը չի մանրամասնում։ Մի շարք սահմանադրագետներ պնդել են, որ իրավական այլ ճանապարհ չկա։

Վարչապետը քարոզարշավին հայտարարում էր, որ եթե իր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ կսկսվի։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG