Մատչելիության հղումներ

Փաշինյանին զայրացրած մանկապարտեզի թեման՝ Ձորակապի գյուղամեջում

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի՝ թեժ վեճով ավարտված քարոզչական այցից հետո Ձորակապի գյուղամիջում հավաքվածների քննարկման թեման այսօր նորից մանկապարտեզն էր: Վարչապետին շատ զայրացրած տղամարդը՝ Շիրազ Աբրահամյանը հավաքվածների մեջ էր:

«Ես գիտեի, որ պետք է գար, տեղ էի գնացել, եկա հասա, մոտեցա հարցրեցի՝ վարչապետ ջան, մի հատ մեզ մանկապարտեզ սարքեք, համայնքապետ Սարիբեկյանն էլ էր այնտեղ, ասաց՝ «ներքևը սարքում ենք», ասի, ներքևը սարքում եք, երեխա կա ոչ մեքենա ունեն, ոչ բան ունեն, գրկով տանում-բերում են, ասաց՝ «մեքենա կդնենք, գյուղի մեջ կփռա, երեխաներին առավոտ կտանի, իրիկվան կբերի», - ասաց Շկիրազ Աբրահամյանը:

Խոշորացված Անի համայնքի մեջ մտնող Մարալիկն ու Ձորակապն իրարից նույնիսկ փողոցով չեն բաժանվում, այլ ընդամենը ցուցանակով՝ մի համայնքն ավարտվում ու միանգամից մյուսն է սկսվում: Ձորակապը, պարզվում է, երբևէ մանկապարտեզ չի ունեցել: Ու եթե այստեղ մանկապարտեզ կառուցվեր, ապա, ըստ շինարարական նորմերի, որպես գյուղական բնակավայրի մանկապարտեզ պետք է 500 մետր շառավիղ ունենար բնակելի տներից: Հիմա մի մանկապարտեզ կառուցվում է, բայց ոչ թե Ձորակապում, այլ նորից Մարալիկում՝ 150 երեխայի համար, ևս մեկը՝ 120 տեղանոցն էլ այս պահին գործում է: Հերթի մեջ 70 երեխա կա, այդ թվում՝ մոտ 1300 բնակիչ ունեցող Ձորակապից:

Շիրազ Աբրահամյանը, թեև տանը մանկապարտեզ հաճախող երեխա չունի, պատմում է, որ գյուղից մարդիկ մեծ դժվարությամբ են երեխաներին մանկապարտեզ հասցնում. «Ամեն օր տեսնում եմ՝ քանի հոգի երեխաների ձեռքը բռնած մինչև Մարալիկ տանում են մանկապարտեզ»:

Նույնը նաև վարչապետին էր փոխանցել, թե 3-4 կմ ինչպե՞ս գյուղից գյուղ երեխա տանեն ու հետ բերեն:

Փաշինյանը հավաքվածներին նախատել էր, թե ավելի շատ իր Դուբայում տուն ունենալու մասին սուտ լուրերն են քննարկում, քան թե տեղյակ են, թե իրենց համայնքում ինչ են կառուցում: Վարչապետը նեղացավ, երբ իմացավ, որ Մարալիկում նոր մանկապարտեզ է կառուցվում:

Իսկ ինչո՞ւ հենց Ձորակապում մանկապարտեզ չի կառուցում Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու կամ վերանորոգելու խոստում տված իշխանությունը: Անի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Արման Սարիբեկյանը հարցազրույցից հրաժարվեց, բայց բանավոր պնդեց, թե նախ Ձորակապում մանկապարտեզ կառուցելու խոստում չի տրվել, հետո էլ, թե՝ գյուղում ազատ հողատարածք չկա, իսկ ինչ - որ տարածք գերակա շահ ճանաչելու ու դրա դիմաց վճարելու համար բյուջեում փող չկա: Ըստ համայնքապետի՝ տեղական բյուջեում նաև գումար չկա նոր մանկապարտեզի աշխատակազմի համար:

Մարալիկի մանկապարտեզ ձորակապցի մոտ 30 երեխա է հաճախում, մնացածն էլ իրենց հերթին են սպասում: Չնայած Փաշինյանի զայրույթին ու ՔՊ-ական համայնքապետի հավաստիացումներին, թե Մարալիկի երկու մանկապարտեզով Ձորակապի երեխաների հարցն էլ կլուծվի, Ձորակապում դեռ հույս ունեն, որ իրենց գյուղում մանկապարտեզ կկառուցվի:



XS
SM
MD
LG