Այսօր տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Այլ մանրամասներ չեն հրապարակվում, մասնավորապես չի հաղորդվում, թե արդյոք երկու պետությունների ղեկավարները քննարկել են Փաշինյանի Մոսկվա կատարելիք առաջիկա այցի հարցը, որի մասին մասին Հայաստանի վարչապետը հայտարարել էր Ռուսաստանի նախագահի հետ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպումից հետո:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ Փաշինյանի այցը առայժմ չի քննարկվում, Թուրքմենստանում հոկտեմբերի 8-9-ը անցկացվելիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ևս երկկողմ հանդիպում նախատեսված չէ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև նախկինի պես կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա առաջիկայում: