«Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, ըստ էության, այն հենասյուներից մեկը, որն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, սահմանադրական կարգի պահպանության տեսակետից», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը իր ելույթում:
Վարչապետը շեշտել է, որ ԱԱԾ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք, նշել է ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը. նշված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:
«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է գնալով ավելի ու ավելի շատ լինի, այսօր էլ կա, նախկինում էլ կար, ինտելեկտուալ, վերլուծական մարմին, և ուժայինը լինի էն չնախատեսված և չկանխատեսված դեպքը երաշխավորելու համար, բայց, մյուս կողմից, ամեն ինչ պետք է արվի, որ էդ չկանխատեսված և չնախատեսված դեպքը տեղի չունենա: Եվ հետևաբար, ես նաև տնօրենի առաջ էդ խնդիրը դրել եմ, որ առաջիկա շրջանում մենք պետք է հենց դրա վրա ավելի շատ ուշադրություն դարձնենք, իհարկե՝ Ազգային անվտանգության ծառայության ուժային կարողությունները պետք է շատ լրջորեն զարգանան, և մենք էդ ուղղությամբ գնում ենք», - ասել է Փաշինյանը:
«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, [...] բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափե՛լը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը՝ կանխատեսելը, կանխարգելելը և էդպես շարունակ: Եվ ես կարծում եմ, որ մենք բավականին հաջող էս տրամաբանությամբ գործել ենք, որովհետև պետք է արձանագրենք դա, չնայած դա ակնհայտ է, որ էս ընթացքում մասնավորապես սահմանադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով մենք անկառավարելի և աննախատեսելի իրավիճակներ չենք ունեցել, բարձր որակով և մակարդակով կառավարել ենք էդ իրավիճակները, էստեղ Ազգային անվտանգության ծառայության դերը առանցքային է, և ես ուզում եմ դրա համար էլ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել», - նշել է վարչապետը:
«Մեր մտածածով՝ մենք ավելի մեծ ներդրումներ պետք է անենք Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների ... Մանավանդ հիմա սպառնալիքներն էլ իրենց բնույթով փոխվում են: Հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ առանց ֆիզիկական հպման ինտերնետում էնպիսի սպառնալիքներ են ստեղծվում, որ կարող են շատ, շատ լուրջ պրոբլեմներ հարուցել և անվտանգային առումով էնպիսի խնդիրներ առաջացնել, որոնց հաղթահարելը շատ դժվար կլինի», - ասել է Փաշինյանը ելույթում, որի տեսանյութը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում:
«Իհարկե մենք ունենք խնդիրներ, հիբրիդային պայքարը, հիբրիդային պատերազմները, որը դեռ մենք չենք հասցնում մի փուլի գործիքակազմը յուրացնել և հասկանալ դա ինչ է՝ նոր գործիքներ են ի հայտ գալիս, նոր մոդելներ են ի հայտ գալիս, և սա շարունակական աշխատանք է», - ընդգծել է վարչապետը: