Մատչելիության հղումներ

«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի». 98-րդ «Օսկար»-ը՝ քաղաքական ենթատեքստերով

ԱՄՆ - Պավել Տալանկինը «Օսկար» մրցանակով, Հոլիվուդ, Կալիֆորնիա, 15-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ - Պավել Տալանկինը «Օսկար» մրցանակով, Հոլիվուդ, Կալիֆորնիա, 15-ը մարտի, 2026թ.

«Դադարեցրե՛ք բոլոր պատերազմները». - հենց այս կոչով «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմի գլխավոր հերոս ու պրոդյուսեր Պավել Տալանկինը ձեռքն առավ «Օսկար» արձանիկը՝ «Վավերագրական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվելուց հետո։

«Մեր ապագայի, մեր բոլոր երեխաների անունից՝ դադարեցրե՛ք այս բոլոր պատերազմները հենց հիմա», - հայտարարեց Տալանկինը:

«Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը պատմում է Ուկրաինայի դեմ Կրեմլի սկսած պատերազմին լուռ դիմադրող երիտասարդ ռուս ուսուցչի մասին։

«Արդեն չորս տարի նայում ենք աստղազարդ երկնքին ու միայն մի երազանք պահում։ Բայց կան երկրներ, որտեղ երկնքից ոչ թե աստղեր, այլ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր են թափվում»:

Տալանկինը երկու տարվա ընթացքում նկարահանված կադրերում դետալ առ դետալ պատմում է՝ ինչպես է նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը աշակերտներին ներշնչում պատերազմամետ քարոզչական գաղափարներ: Սա, իհարկե, աննկատ չի մնացել ռուսական իշխանությունների կողմից ․․․ Տեսանկարահանողը նաև փաստագրում է իր նկատմամբ իրականացվող հետապնդումը, ի վերջո՝ աքսորը. - «Գրում էին, զանգում էին, ձայնային հաղորդագրություններ ուղարկում, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդար»:

Տալանկինը 2024 թվականին է հեռացել Ռուսաստանից՝ իր հետ տանելով Կրեմլի քիմքին տհաճ և սկավառակներում թաքցված ժապավենը։

«Այս տեսանյութի հետ աշխատելիս մենք տեսանք, որ դու կորցնում ես այն անթիվ-անհամար, փոքր հանցակցության գործողությունների պատճառով». - ֆիլմի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնն էր այս մասին պատմում արդեն ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխության բեմահարթակից, ընդգծելով՝ կինոն ու քաղաքականությունը եկել են ցույց տալու՝ ինչպես ես մաս-մաս կորցնում տունդ, երկիրդ։

«Երբ մենք դառնում ենք հանցակից, երբ կառավարությունը մարդկանց է սպանում մեր մեծ քաղաքների փողոցներում։ Երբ լռում ենք, երբ օլիգարխները վերահսկում են լրատվամիջոցները և որոշում, թե ինչպես կարող ենք դրանք ստեղծել և օգտագործել։ Մենք բոլորս կանգնում ենք բարոյական ընտրության առաջ, բայց, բարեբախտաբար, նույնիսկ մի «ոչ ոք» կարող է ավելի ազդեցիկ լինել, քան դուք կարծում եք», - շեշտում էր ռեժիսորը:

Քաղաքական կսմիթների պակաս չզգացվեց նաև այս տարվա մրցանակաբաշխության ժամանակ։ Հենց «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին ներկայացնելիս հաղորդավար Ջիմի Քիմելը պահն օգտագործեց ԱՄՆ նախագահին և նրա տիկնոջը՝ Դոնալդ և Մելանյա Թրամփներին հիշելու համար. - «Վայ, նա հաստատ կբարկանա, որ իր կինն այս անվանակարգում առաջադրված չէ»։

Ակնարկն առաջին տիկնոջ մասին վերջերս թողարկված «Մելանյա» վավերագրական ֆիլմին էր վերաբերում:

Մրցանակաբաշխությունը համընկավ Իրանի դեմ պատերազմի հետ։ Կալիֆորնիայի նկատմամբ իրանական սպառնալիքի մասին նախազգուշացումից հետո «Օսկար»-ի անվտանգության միջոցներն այս տարի է՛լ ավելի էին խստացվել։

Քաղաքական տեքստեր հնչեցին ոչ միայն բեմից, այլ նաև կարմիր գորգի վրա՝ տեսախցիկների առջև իրենց հմայքն ու շքեղ հանդերձանքը ներկայացնելիս։ Ոչ այնքան շքեղ, բայց աչքի ընկող «Ո՛չ պատերազմին» գրությամբ կրծքանշանով էր իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը ներկայացել Հոլիվուդի ամենակարևոր կինոմիջոցառմանը:

«Ես այս նշանը կրում էի 2003 թվականին՝ Իրաքյան ապօրինի պատերազմի ժամանակ, և մենք նույն դիրքում ենք 23 տարի անց․ մենք կոտորում ենք անմեղ մարդկանց՝ ստերով արդարացնելով դա։ Եվ ես պետք է ասեմ դա։ Ես պետք է դատապարտեմ այն, ինչպես շատ այլ մարդիկ ամբողջ աշխարհում անում են: Ազատությո՛ւն Պաղեստինին և դադարեցրե՛ք ցեղասպանությունը»», - հայտարարում էր Բարդեմը:

Քաղաքական դիմադրության մասին արտասովոր պատմությունը՝ «Մի մարտը մյուսի հետևից» ֆիլմն այս տարվա գլխավոր մրցանակակիրն էր։ «Տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում» Փոլ Թոմաս Անդերոսնի ժապավենը հաղթող ճանաչվեց։

«Ես այս ֆիլմը գրել եմ իմ երեխաների համար՝ ներողություն խնդրելու այն խառնաշփոթի համար, որ թողեցինք այս աշխարհում և թողեցինք այն նրանց։ Բայց նաև հույսով, որ նրանք կլինեն այն սերունդը, որը առողջ բանականություն և արժանապատվություն կբերի», - ասաց Անդերսոնը:

Անդերսոնի կինոկյանքի պատմության առաջին «Օսկար»-ն էր սա՝ 11 առաջադրումից հետո։ Ամենաշատ՝ վեց արձանիկ բաժին հասավ հենց այս ֆիլմին, միայն երեքը՝ հենց Անդերսոնին՝ լավագույն ռեժիսուրայի և լավագույն ադապտացված սցենարի համար։

Ռեկորդային թվով՝ 16 անվանակարգերում առաջադրված «Մեղսավորները» տուն գնացին չորս մրցանակով, այդ թվում՝ «Լավագույն դերասան» մրցանակին արժանացավ Մայքլ Բի Ջորդանը երկվորյակ եղբայրների՝ Սմոքի և Սթեքի դերերի համար։ Այս ֆիլմի պրոդյուսերներից մեկն, ի դեպ, հայազգի Սև Օհանյանն է:

Տարվա լավագույն դերասանուհին իռլանդուհի Ջեսի Բաքլին է, որը մարմնավորում է Շեքսպիրի կնոջը՝ Ագնեսին «Համնեթ» ֆիլմում։

«Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթանակը բաժին հասավ նորվեգացիներին՝ «Սենտիմենտալ արժեք» զգացմունքային պատմության համար, որը դարձավ այս անվանակարգում հաղթող առաջին նորվեգական ֆիլմը։

Ամերիկյան կինոակադեմիան այս տարի 98-րդ անգամ էր անցկացնում «Օսկար» մրցանակաբաշխությունը։



XS
SM
MD
LG