Փամբակ գետում այսօր՝ ժամը 09:30-ի սահմաններում հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող քույրերից մեկի՝ 7-ամյա Նարեի մարմինը, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Հունիսի 15-ին ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։
Գերատեսչությունից հայտնում են՝ մյուս երեխային գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Վանաձորի բնակիչները «Ազատությանը» պատմել էին, որ գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար մարդիկ հաճախ են օգտվում գետի վրա դեռ խորհրդային տարիների շինարարությունից մնացած խողովակից։ Թեև դրանից քիչ վերև կամջակ կա, բնակիչներից շատերը նախընտրում են անցնել մոտ 15 մետր երկարությամբ խողովակի վրայով, քանի որ այն ավելի է կարճացնում Վանաձորի կենտրոն տանող իրենց ճանապարհը:
Պարզ չէ, թե ինչու երեխաները չեն օգտվել հետիոտնային կամրջից։ Երեխաների դպրոցի տնօրենն ասում է՝ զրուցել է նրանց մոր հետ։ Մոր խոսքով՝ նախկինում եղել է մեկ-երկու դեպք, երբ երեխաներն անցել են խողովակի վրայով, բայց նա նրանց զգուշացրել ու հորդորել է այլևս չօգտվել դրանից։
Դեռ խորհրդային տարիներին այստեղ սկսված վերգետնյա մեծ կամրջի շինարարությունն այդպես էլ կիսատ է մնացել: Որևէ իշխանություն իր ծրագրերում քաղաքի երկու գլխավոր հատվածներն իրար կապող կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու մասին չի խոսել: Իսկ արդյո՞ք այս մի ողբերգությունից հետո էլ աղետաբեր խողովակը կշարունակի տեղում մնալ, հայտնի չէ: