Մատչելիության հղումներ

Փամբակ գետում դեռ փնտրում են երկու քույրերին. ինչո՞ւ չի հեռացվել վտանգավոր խողովակը

Վարարած Փամբակ գետում շարունակում են որոնել 13-ամյա Նարինեին և 7-ամյա Նանեին։ Փրկարարներին երկրորդ օրն է դեռ չի հաջողվել որևէ հետք հայտնաբերել: «Արդեն երկու անգամ գնացել ենք, եկել ենք, մի հատ էլ, որ մասերի բաժանված՝ համարյա մի տասնքանի կիլոմետր անցել գնացել ենք ու դեռ գնալու ենք, էլի, մինչև ուշ եեկո», - «Ազատության» հետ զրույցում ասացին նրանք:

Վանաձորյան բարձրահարկի առաջին հարկում այսօր փրկարարներից լուրի սպասող ընտանիքին առայժմ միայն հարազատներն ու շտապ օգնության բժիշկներն էին այցելում:

Շիրակի մարզից երկու տարի առաջ Վանաձոր տեղափոխված մայրն այստեղ ապրում է հինգ երեխաների հետ: Նրանցից չորսը Վանաձորի թիվ 7 դպրոցի աշակերտ են: Ամռանը գետից այն կողմ՝ հանդիպակաց թաղամաս են գնում՝ սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված «Օրրան» կրթական կենտրոն հաճախելու համար:

«Նորմալ հաճախող երեխաներ են, անպատճառ երբևէ դպրոցից բացակայած չկան, միշտ մաքուր, միշտ կոկիկ, միշտ ուշադրության կենտրոնում: Ծնողը հասցնում էր ամեն ինչ, թեպետ սոցիալապես անապահով էլ էր, բայց ինքը մի քանի տեղ էր աշխատում: Համեստ, շնորհքով, մոր մասին ինչքան լավ բան կա, կարող եմ ասել», - «Ազատության» հետ զրույցում նշեց թիվ 7 դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանը:

Վանաձորի բնակիչները պատմում են, որ գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար մարդիկ հաճախ են օգտվում գետի վրա դեռ խորհրդային տարիների շինարարությունից մնացած խողովակից։ Թեև դրանից քիչ վերև կամջակ կա, բնակիչներից շատերը նախընտրում են անցնել մոտ 15 մետր երկարությամբ խողովակի վրայով, քանի որ այն ավելի է կարճացնում Վանաձորի կենտրոն տանող իրենց ճանապարհը:

Պարզ չէ, թե ինչու երեխաները չեն օգտվել հետիոտնային կամրջից։ Երեխաների դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանն ասում է՝ զրուցել է նրանց մոր հետ։ Մոր խոսքով՝ նախկինում եղել է մեկ-երկու դեպք, երբ երեխաներն անցել են խողովակի վրայով, բայց նա նրանց զգուշացրել ու հորդորել է այլևս չօգտվել դրանից։

Գետի անմիջապես դիմացի տան բնակիչ Գոհար Մկրտչյանն ասում է՝ ինքն էլ՝ իր 75 տարեկան հասակում, հաճախ անցնում է կամուրջ դարձած խողովակով՝ Վանաձորի ավտոկայան ավելի շուտ հասնելու համար, բայց եթե գետն այսքան կատաղի չէ, ինչպես վերջին ամիսներին:

«Մենք բոլորս էլ անցնում ենք, բայց չոր ժամանակ, իջած ժամանակ, ոչ թե սենց: Արդեն երկու-երեք ամիս ա՝ մենք էդ տրուբի երեսը չենք տեսնում՝ մի մետր բարձրացել էր տրուբից», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը՝ շարունակելով. - «Հա, ոնց որ օգտագործել ենք, ճիշտ ա, կարճ ա, հասկանում ե՞ս: Բայց դե խոնավ ա, թաց ա եղել տրուբեն, ու երեխու ոտները սոթ ա տվել, ընկել են»:

Մոտերքում ապրող բնակիչները հիշում են՝ անցած տարիներին բազմաթիվ ողբերգական դեպքերի է հասցրել այս չարաբաստիկ խողովակը, որը, ըստ տեղացիների, երբևէ չի արգելափակվել:

Դեռ խորհրդային տարիներին այստեղ սկսված վերգետնյա մեծ կամրջի շինարարությունն այդպես էլ կիսատ է մնացել: Որևէ իշխանություն իր ծրագրերում քաղաքի երկու գլխավոր հատվածներն իրար կապող կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու մասին չի խոսել: Իսկ արդյո՞ք այս մի ողբերգությունից հետո էլ աղետաբեր խողովակը կշարունակի տեղում մնալ, հայտնի չէ: Նույն շենքի բակում, ուր ապրում է գետը ընկած երեխաների ընտանիքը, մի հուշաղբյուր կա: Տեղացիները պատմեցին՝ 6 տարեկան Արարատը 30 տարի առաջ նույն այս խողովակից է ընկել ու խեղդվել Փամբակի ալիքների մեջ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG