Պարզվել է, որ նոյեմբերի 20-ին Լեհաստանի տարածքում ընկած բոլոր երեք օբյեկտները ռուսական Х-101 թևավոր հրթիռներ էին: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի Լյուբլինի մարզի դատախազությունը:
Դատախազության նախնական տվյալներով՝ երեք հրթիռներն էլ արտադրել էին այս տարվա առաջին եռամսյակում Մոսկվայի մարզի Դուբնա քաղաքի գործարանում: Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը պնդում էր, թե երկրի տարածքում ընկել է երկու հրթիռ և մեկ անօդաչու, սակայն բեկորների փորձաքննությունը ցույց է տվել, որ երրորդը ևս Х-101 հրթիռ էր:
Հրթիռներից մեկը նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան ընկել էր Լյուբլինի շրջանում, մյուս երկուսը՝ Պոդկարպատսկի: Զոհեր և տուժածներ չկան:
Ռուսական զորքերը նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը զանգվածային հարված էին հասցրել Ուկրաինայի արևմտյան շրջաններին: Այդ գիշեր ռուսները Ուկրաինայի վրա արձակել էին 400-ից ավելի անօդաչու թռչող սարք և 110 հրթիռ, որոնցից 27-ը՝ բալիստիկ:
Լեհաստանը օդ էր բարձրացրել կործանիչներ, երկրի պաշտպանության նախարարությունում արտակարգ խորհրդակցություն էր անցկացվել, ուժայինների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել նաև վարչապետ Դոնալդ Տուսկը: Հրթիռների միջադեպն այսօր կքննարկի Հյուսիսատլանտյան խորհուրդը, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների լիազոր ներկայացուցիչները: