Մատչելիության հղումներ

Ուկրաինացիները անօդաչուներով հարվածել են Ռուսաստանի Կովկաս նավահանգստին

Ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարք, արխիվ
Ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարք, արխիվ

Ուկրաինական բանակը գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկի շրջանի Կովկաս նավահանգստին, վիրավորվել է երեք մարդ, վնասվել է նավ, հայտնում է շրջանի օպերատիվ շտաբը։

SHOT տելեգրամյան ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ պայթյունները սկսվել են գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում, տարբեր շրջաններում լսվել են տասնյակից ավելի պայթյուններ։

Օպերատիվ շտաբը նաև հաստատել է սոցցանցերում ավելի վաղ տարածված տեղեկությունը Աֆիպսկիի նավթավերամշակման գործարանին հարվածի մասին, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել: Զոհեր չկան, սակայն գործարանին նյութական վնաս է հասցվել։

Astra տելեգրամյան ալիքի տվյալներով՝ հրդեհը ինտերակտիվ քարտեզի վրա գրանցվել է NASA-ի FIRMS մոնիթորինգի ծառայության կողմից, որը գրեթե իրական ժամանակում հետևում է ջերմաստիճանի անոմալիաներին։

Երկու օբյեկտներն էլ նախկինում բազմիցս հարձակման են ենթարկվել ուկրաինական զինուժի կողմից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 14-ի գիշերը Հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ուկրաինական 87 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 31-ը՝ Ազովի ծովի և 16-ը՝ Կրասնոդարի երկրամասի երկնքում։

XS
SM
MD
LG