Մատչելիության հղումներ

Ուկրաինացի բանակցողները Մայամիում կքննարկեն անօդաչու թռչող սարքերի գործարքը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողներն այսօր Մայամիում բանակցություններ կանցկացնեն, որոնք, Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կարող են հիմք հանդիսանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ևս մեկ հանդիպման համար։

Զելենսկին նախօրեին լրագրողներին ասել է, որ շաբաթավերջին կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերը կկենտրոնանան երկկողմ փաստաթղթերի վրա և կքննարկեն անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ լայնածավալ համաձայնագիրը:

Վաշինգտոնի բանակցային թիմը կգլխավորեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները:

Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ուղարկում է իր աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովին, տեղակալ Սերգեյ Կիսլիցային, ինչպես նաև իր խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիային։

Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին նախատեսված Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին, սակայն հույս ունի, որ մոտ ապագայում կվերականգնվի եռակողմ ձևաչափը, նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ առայժմ հստակություն չկա եռակողմ ձևաչափով հնարավոր բանակցությունների անցկացման վայրի վերաբերյալ։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Հետագայում կողմերը պետք է կրկին հանդիպեին մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն խորհրդակցություններն, ի վերջո, հետաձգվեցին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշեց, որ հետաձգման որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ՝ Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողության պատճառով:


XS
SM
MD
LG