Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման և դրա ավարտից հետո ռուս-ամերիկյան համատեղ էներգետիկ հնարավոր նախագծերի իրականացման հարցը, հաղորդում են Reuters-ը և TASS-ը։
Reuters-ը նշում է, որ բանակցությունները «կառուցողական» են եղել։ Դմիտրիևը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարարության և Էներգետիկայի նախարարության ներկայացուցիչների հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այցը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո։ Զելենսկին այդ ժամանակ հայտարարել էր, որ քննարկվող հարցերի թվում է եղել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների հնարավոր դադարեցումը։ Ուկրաինայի նախագահը նաև նշել էր, որ Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունը, եթե Մոսկվան իր հերթին դադարեցնի ուկրաինական օբյեկտների ռմբակոծությունը։
Դմիտրիևը, որը նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմներից է, ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հանդիպել էր Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ CNN-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման և Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև հնարավոր համագործակցության վերսկսման հարցերը։
Սեպտեմբերի սկզբին Ուիթքոֆը և Քուշները մեկնեցին Մոսկվա և ավելի քան երեք ժամ բանակցություններ վարեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև ԱՄՆ ներկայացուցիչները մեկնեցին Կիև, որտեղ Քուշները հայտարարեց, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի տարրերը և պատերազմի ավարտի հնարավոր տնտեսական օգուտները Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների համար։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցություն ներկայումս գործնականում գոյություն չունի, սակայն Մոսկվան կարծում է, որ դրա վերսկսումը կարող է օգտակար լինել երկու կողմերի համար էլ։