Մատչելիության հղումներ

Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կերչը, կան զոհեր, տասնյակ վիրավորներ

Վառելիքի դեֆիցիտը Ղրիմում, հունիս, 2026թ.
Վառելիքի դեֆիցիտը Ղրիմում, հունիս, 2026թ.

Գիշերը ուկրաինական զինուժը անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքը, որտեղ նավթաբազա է հրդեհվել:

ASTRA տելեգրամյան ալիքի վերլուծության համաձայն՝ այրվում էԿերչի առևտրական նավահանգստի՝ Թամանյան փողոցի վրա գտնվող նավթաբազան, որը Կերչի կամրջից մեկ կիլոմետրից էլ պակաս է հեռու: Քաղաքում նաև բազմահարկ շենք է վնասվել:

Բռնակցված Ղրիմի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաղորդել է Կերչում չորս մարդու զոհվելու մասին, տուժել են 28-ը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Ղրիմում հոսպիտալացվել է ուկրաինական գրոհի հետևանքով տուժած 14 մարդ, նրանց թվում երկուսը՝ երեխաներ:

Մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Կերչի լաստանավային անցումում «Պանագիյա» լաստանավի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով: Կերչի անցումով լաստանավային փոխադրումները ժամանակավորապես դադարեցվել են:

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհվել է նաև Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի Չուշկա ավանի նավթային տերմինալը, որը «Կավկազ» նավահանգստի ենթակառուցվածքի մաս է կազմում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում 239 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել երկրի հարավի և կենտրոնի ութ տարածաշրջանների և Ղրիմի երկնքում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հարվածները, որոնցից, ըստ նրա, «տուժել են օբյեկտներ Ղրիմի կամրջի երկու կողմերում», ինչպես նաև խոցվել են չորս C-400 ռադիոտեղորոշիչ և երկու «Պանցիր» զենիթահրթիռային կայաններ:

Ղիրմը հատկապես վերջին շրջանում կանոնավոր կերպով գրոհում են ուկրաինական ուժերի անօդաչուները, որոնք թիրախավորում են էներգետիկայի օբյեկտները, տրանսպորտային ենթակառուցվածքը: Թերակղզում բենզինի դեֆիցիտ է, կիրակի օրը Աքսյոնովը հայտարարել է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի դադարեցման մասին:


XS
SM
MD
LG