Ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքը Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում հարձակվել է առևտրի կենտրոնի վրա, հաղորդել է Բելգորոդի մարզի նահանգապետը:
Ըստ Վյաչեսլավ Գլադկովի՝ պայթյունի հետևանքով վնասվել են շինության ճակատային և ապակեպատ մասերը, մի ավտոմեքենա: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Ավելի ուշ նահանգապետը հայտնել է, որ Մալինովկա ավանում անօդաչու թռչող սարքը հարվածել է ավտոմեքենայի, զոհվել է մի տղամարդ:
Կիրակի օրը մոսկովյան չորս՝ Վնուկովո, Շերեմետևո, Ժուկովսկի և Դոմոդեդովո օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել: «Ռոսավիացիա»-ն հայտարարել է, որ «սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգության ապահովման համար»:
Օրվա ընթացքում Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է քաղաքի ուղղությամբ թռչող 10 անօդաչուների ոչնչացման մասին: