Մատչելիության հղումներ

Լվովում պայթյունից ոստիկանության աշխատակցուհի է զոհվել, 24 մարդ վիրավորվել է

Ուկրաինա - Դեպքի վայրում, Լվով, 22-ը փետրվարի, 2026թ.
Ուկրաինա - Դեպքի վայրում, Լվով, 22-ը փետրվարի, 2026թ.

Գիշերը Լվովում պայթյուն է տեղ ունեցել, զոհվել է ոստիկանության 23-ամյա աշխատակցուհի, ևս 24 մարդ վիրավորվել է:

Մարզային դատախազության հայտարարության համաձայն՝ ոստիկանությունում հաղորդում է ստացվել քաղաքի Դանիլիշինի փողոցում գտնվող խանութ ներթափանցման մասին: Դեպքի վայր պարեկային ոստիկանության անձնակազմի ժամանելուց հետո պայթյուն է հնչել: Երկրորդ անձնակազմի ժամանմանը ևս մեկ պայթյուն է հետևել; Ընդ որում, քաղաքում օդային տագնապ չի եղել, նշում է Hromadske-ն:

Զոհվածը 23-ամյա Վիկտորիա Շպիլկան է՝ Լվովի ներքին գործերի պետական համալսարանի շրջանավարտ, ով ծառայում էր պարեկային ոստիկանությունում:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կատարվածը քննում է որպես ահաբեկչական ակտ: "РБК-Украина"-ն, վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյին, գրում է, որ ահաբեկչության ենթադրյալ կատարողը ձերբակալված է, նա կին է: Առայժմ հայտնի չէ՝ կապ ունի՞ արդյոք կատարվածը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ:



XS
SM
MD
LG