Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի նախագահի գրասենյակից դիմում է ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ գործ հարուցելու հնարավորության վերաբերյալ, այն այժմ դիտարկվում է, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը փոխանցել են գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից; Առայժմ քրեական վարույթ նախաձեռնված չէ:
Հուլիսի 28-ին Բելառուսի Ժողովրդավարական ուժերի համաժողովը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահի վարչակազմում ստացել են բելառուսական ընդդիմության դիմումը Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով՝ կապված Ուկրաինայում պատերազմին նրա աջակցելու և ռուսական հարձակումների համար բելառուսական տարածքները օգտագործելու հետ:
Դիմումի հեղինակներն առաջարկել են Բելառուսի նախագահին մեղադրանքներ ներկայացնել ագրեսիվ պատերազմ վարելու, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության ֆինանսավորման, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ցեղասպանության և պատերազմի քարոզչության հոդվածներով:
Reuters-ը նշում է, որ ներկայումս «ոչ մի հեռանկար չկա», թե Լուկաշենկոն կկանգնի ուկրաինական դատարանի առջև, սակայն նրա դեմ հնարավոր քրեական գործը Կիևը և բելառուսական ընդդիմությունը կարող են օգտագործել որպես Մինսկի վրա ճնշումը շարունակելու «փաստարկ Արևմուտքի համար»: