ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուգ, որտեղ նախատտեսված է նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկացի պաշտոնյային «Պուլկովո» օդնավակայանում դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Նրանց տեղափոխող ավտոշարասյունն արդեն ժամանել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատ, հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ուիթքոֆը Ռուսաստան է եկել Օսլոյից, որտեղ բանակցությունն էր վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ վերջ դնելու արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմին: Հանդիպմանը մասնակցել էին նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենը: ԱՄՆ նախագահի մյուս բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպմանը մասնակցել էր տեսակապով:
Օսլոյում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում «գտնվել են խաղաղ կարգավորման որոշ տարրեր», որոնք Սանկտ Պետերբուրգում կներկայացվեն Պուտինին։ Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն ևս չէր մանրամասնել, թե ինչ են ենթադրում խաղաղության նոր առաջարկները, սակայն ուրվագծել էր թեմաների շրջանակը, որ դրանք ներառում են:
«Այսօր մենք քննարկեցինք Ուկրաինայի անվտանգությանը, պատերազմից հետո բարգավաճման ծրագրին, տարածքներին և պատժամիջոցներին, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը վերաբերող հարցեր»,- ասել էր նա։
Նույն ասուլիսի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ասել էր, որ ունեն «մի քանի հստակ գաղափարներ, թե ինչպես հասնել խաղաղության»։ «Մենք միավորված ենք մեր եվրոպացի գործընկերների հետ այս ջանքերում: Մենք կցանկանայինք, որ ամերիկացիներն այս գաղափարները հասցնեն ռուսներին», - ասել էր Զելենսկին՝ առանց մանրամասներ ներկայացնելու: