Մատչելիության հղումներ

«Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»․ Նասիմ Նիկոլաս Թալեբ

Նասիմ Նիկոլաս Թալեբը Երևանում, 30-ը նոյեմբերի, 2023թ․
Նասիմ Նիկոլաս Թալեբը Երևանում, 30-ը նոյեմբերի, 2023թ․

Հանրահայտ «Սև կարապը», «Հակափխրունություն» և «Պրոկրուստյան մահիճ», գրքերի հեղինակ, լիբանանյան ծագմամբ ամերիկացի մտածող, փիլիսոփա, ակնարկագիր և մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու առաջարկը։

«Ինձ խնդրել էին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես մերժեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող վարձատրության չափը՝ չգիտակցելով իմ բարոյական սկզբունքները՝ կարծելով, թե այն ինչ-որ բան կփոխի), - X-ում գրել է Թալեբը՝ եզրափակելով․ - Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»։

Փիլիսոփան նաև արձագանքել է այն հանգամանքին, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նախկինում մեջբերել է իր մտքերը՝ նշելով, որ դա որևէ պարտավորություն չի ստեղծում իր համար. «Ես անշարժ գույքի վաճառող չեմ», - գրել է նա։

Թալեբը 2023 թվականի նոյեմբերին այցելել էր Հայաստան՝ մասնակցելու Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովին։ Այցի ընթացքում նրան ընդունել էր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը նաև խմբագրել է Թալեբի մի շարք աշխատությունների հայերեն թարգմանությունները։

Նախագահականի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Թալեբն անդրադարձել էր նաև սփյուռքի, մասնավորապես՝ հայկական սփյուռքի թեմային՝ նշելով, որ, լինելով լիբանանյան ծագմամբ, սերտ կապեր ունի լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։


XS
SM
MD
LG