Որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ, այդ թվում՝ մեղադրյալի, Ամենայն Հայոց կաթողիկոսը չունի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մայր Աթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Հրապարակն» էր այսօր գրել, որ Գարեգին Երկրորդի դեմ նոր քրեական վարույթ է նախապատրաստվում՝ փողերի լվացման հոդվածով: Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով վկա է: Քննության թեման բնակարանն է, որը տնօրենին է հատկացվել:
Արա Զոհրաբյանը պնդում է՝ Ամենայն հայոց կաթողիկոսն իր անձնական միջոցներով է գնել «Շողակաթի» տնօրենին հատկացված բնակարանը:
«Ամենայն Հայոց կաթողիկոսն իր անձնական միջոցներով որոշակի բնակարաններ է ձեռք բերել դեռևս իր՝ Արարատյան թեմի փոխանորդ եղած ժամանակից սկսած: Այդ բնակարանները նա հատկացրել է նաև քահանաներին ու «Շողակաթի» տնօրենին էլ է հատկացրել՝ որպես Մայր Աթոռի երկարամյա աշխատակից, ով կարիք է ունեցել այդ բնակարանի: Այսինքն, սա ընդունված է, նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող, նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից իրականացվող գործընթաց է եղել, այստեղ զարմանալու բան չկա», - ասաց փաստաբանը:
«Ազատության» հարցին՝ որտեղի՞ց կաթողիկոսին այդքան անձնական միջոց, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Կաթողիկոսը նաև ունի նվիրատուներ, անձամբ իրեն: Հայտնի փաստ է, որ երջանկահիշատակ Լուիզ Սիմոնը մշտապես Վեհափառ հայրապետին նվիրատվություններ է հատկացրել, որը Վեհափառ հայրապետը մշտապես օգտագործել է նաև հանրօգուտ նպատակներով»:
Հարցին՝ կա՞ քրեական գործ այդ դեպքի առիթով, փաստաբանն արձագանքեց. «Ես գիտեմ, որ բազմաթիվ քրեական գործեր կան, այդ մի գործը չէ: Այդ գործերի հիմնական նպատակն է նաև, որպեսզի թիրախավորեն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն: Ես մանրամասներ չունեմ այդ քրեական գործի հետ կապված, բայց որքանով տեղյակ եմ հանրամատչելի աղբյուրներից, ուղղակի իրենք տարբեր առիթներ, տարբեր բամբասանքներ փորձել են միացնել միմյանց ու քրեական գործի տպավորություն ստեղծել»:
Հանցակազմի տարր, ըստ Զոհրաբյանի, այս գործում չի կարող լինել:
Քննչական կոմիտեն դեռևս չի պատասխանել «Ազատության» հարցմանը՝ արդյոք կա՞ քրեական գործ, որի շրջանակում նախատեսվում է Գարեգին Երկրորդին մեղադրանք առաջադրել։