Երեկ լրացավ վարչապետի շարասյան վրաերթից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան չորրորդ տարին։ Ողբերգական վթարի վայրում քաղաքացիները ծաղիկներ ու մոմեր էին խոնարհել:
Հայրը՝ Մացակ Մնացականյանը, դժգոհ է. դստերը մահացու վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն այս 4 տարիների ընթացքում ոչ միայն չի ազատվել աշխատանքից, այլև ընդամենը 1 օր է մնացել անազատության մեջ:
«Մինչև հիմա ոչ մեկը չի պատժվել, վարորդը շարունակում է աշխատել», - ասում է նա:
Ընտանիքը պահանջում էր 4 տարվա ազատազրկում, բայց առաջին ատյանի դատարանը մեկուկես տարվա ազատազրկման որոշում է կայացրել: Երկու կողմերն էլ բողոքարկել են: Վարորդի փաստաբանն առհասարակ պահանջում է անմեղ ճանաչել իր պաշտպանյալին: Վերաքննիչի վճիռը սպասվում է մայիսի 18-ին։
Սոնայի հայրը մտավախություն ունի՝ եթե իրենք կամ մյուս կողմը վերաքննիչի որոշումից դժգոհ լինեն ու այն վճռաբեկ դատարանում բողոքարկեն, գուցե լրանա այս գործի վաղեմության ժամկետը, իսկ դա մյուս տարվա ապրիլին է:
Հայրը նաև այլ դժգոհություններ ունի. «Ես մտավախություն ունեմ, որ ձգձգում են, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա: Ինչ վերաբերում է շքախմբի ղեկավար կազմի նկատմամբ պատժին, դա քնացրել են»:
Չնայած դատարանն ապացուցել է, որ վարչապետին ուղեկցած շարասյան առաջին մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը, գերազանցել է արագությունը, նրա փաստաբան Ռուբեն Բալոյանն այս բոլոր՝ 4 տարիների ընթացքում պնդում էր՝ հղի կինը չի ենթարկվել խաչմերուկը կարգավորող տեսուչի հրահանգին:
«Ինքը հետքայլի ժամանակ է վրաերթի ենթարկվել։ Երբ որ խաչմերուկում կա կարգավորող, ուրեմն չեն գործում ճանապարհային նշանները, գծանշումները և լուսացույցի ազդանշանները։ Լավ, ինչքա՞ն պիտի բացատրենք ու ասենք, որ կարգավորող կա, ուրեմն Սոնա Մնացականյանը կանաչ լույսի տակով չի անցել։ Անցել է կարմիր լույսի տակով, այսինքն՝ կարգավորողի արգելող ազդանշանի տակ է ինքը ճանապարհը հատել», - ասում է Բալոյանը:
Տուժող կողմի հակադարձումը մեկն է՝ խաչմերուկը պատշաճ փակ չի եղել, հակառակ դեպքում Սոնա Մնացականյանը հնարավորություն անգամ չէր ունենա հասնել վտանգավոր գոտի:
Իսկ ո՞վ է վարորդ Նավասարդյանին ասել, որ խաչմերուկը փակ է, ու նա կարող է անցնել: Այս հարցի պատասխանն, ըստ տուժողի ընտանիքի փաստաբանի, շարասյան մեքենաների միջև տեղի ունեցած ռադիոկապի ձայնագրությունները կտային, բայց ըստ ոստիկանության՝ չի ձայնագրվել տեխնիկական անսարքության հետևանքով: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մի քանի անգամ պահանջել է, որ փորձաքննություն սկսեն՝ հասկանալու համար՝ ուր են դրանք, ինչպես են անհետացել:
«Դատարանները երկու անգամ պարտավորեցրել են՝ նշանակեք փորձաքննություն։ Դատախազն ի՞նչ է ասում՝ ընդունենք՝ փչացած է, նշանակենք ի՞նչ անենք։ Դատավորը Յուզբաշյան ասաց՝ նշանակեք, պարզենք՝ սա մեխանիկական եղանակո՞վ է փչացած՝ արհեստական կերպով, թե՞ փչացած է եղել դա։ Սա էլ են վախում անեն, որովհետև կարող է մեկ էլ պարզվի, որ միջամտել են։», - նշում է նա:
Տուժող կողմը պահանջել էր, որ դատարանի առաջ կանգնեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցած շարասյան ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Ըստ փաստաբանի՝ այդ գործը փաստացի «սառեցված է», հաջորդ տարի դրա վաղեմության ժամկետն էլ կլրանա։
Փաստաբանը հիշեցնում է՝ կառավարության որոշմամբ հենց շարասյան ղեկավար կազմն էր պատասխանատու արագության համար։ Սակայն, նրա պնդմամբ՝ դատախազությունը շարունակ նշել է՝ որոշումը կա, բայց կիրառման հստակ մեխանիզմները չկան։
Հղի կնոջ ողբերգական վրաերթից հետո, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի պնդմամբ, օրենքը փոխվել է, արագության համար պատասխանատվությունն ուղղակի հանվել է շարասյան ղեկավար կազմի ուսերից. «Կառավարությունը հանեց այդ պատասխանատվությունը, դրեց վարորդների վրա։ Վարորդները պատասխանատվություն են կրում իրենց արագության համար, վերջ։ Հանեց, որ հետագայում այդպիսի դեպք լինի, էլ այս խնդրին չբախվեն։ Իրենց ապահովագրելու համար, այսինքն՝ «ջայլամային» վարքագծով էլի, միանգամից դա էլ լուծեցին, պրծան»։
Մնացականյանի ընտանիքը 10 միլիոն դրամի գույքային հայց էր ներկայացրել հուղարկավորության և գերեզմանի ծախսերի դիմաց, սակայն դատարանը բավարարել է մասնակիորեն՝ 4 միլիոն դրամի չափով։
Սոնա Մնացականյանի մահվանից 4 տարի անց ընտանիքը շարունակում է ծանր հոգեբանական և առողջական վիճակում մնալ։ Նիստերից չբացակայող հորեղբայրը դատարանում սրտի կաթված էր ստացել, Սոնայի հայրը՝ Մացակ Մնացականյանը, սրտի վիրահատություն է տարել՝ սրտին երրորդ ստենտը անցած տարի է տեղադրվել: Իսկ մանկաբույժ մայրը փակվել է տանը:
«Կինս դեպքից հետո չի աշխատում, այդպես ինքնամփոփ տանը նստած է։ Մեր ընտանիքը...», - ասաց Մնացականյանը:
Վարորդ Արամ նավասարդյանը դատարանում ընտանիքից ներողություն էր խնդրել, ասել, որ Սոնայի մահը նաև իր ցավն է, բայց շարունակել էր պնդել՝ ինքն անմեղ է՝ արագություն չի գերազանցել: Սոնայի հայրը, սակայն, պահանջում է, որ վարորդը բանտում կրի իր պատիժը, դեմ է, որ խափանման ավելի մեղմ մեթոդ կիրառվի:
«Որովհետև բանտում է, որ մեղադրյալը զգում է իր մեղքի ծանրությունը։ Ազատության մեջ ոչ մեկը մեղքի ծանրություն չի զգա՝ շփվելով իր հարազատների հետ, իր ընտանիքի հետ», - նշեց Սոնայի հայրը: