Մատչելիության հղումներ

Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը

Ո՞վ կղեկավարի օգոստոսին ձևավորվող նոր խորհրդարանը. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առանցքային պաշտոնի շուրջ ինտրիգն առաջիկա օրերին կհանգուցալուծվի:

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում են երեք ինքնառաջադրված թեկնածուներ՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ինքնառաջադրումների փուլն ավարտվել է երեկ, բայց ներկուսակցական քվեարկության հստակ օրն ու ձևաչափն այս պահին դեռ հայտնի չեն։ Պարզ չէ՝ վարչությունն ընտրությունը կատարելու է բաց, թե՞ փակ, գաղտնի քվեարկությամբ։ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան նախատեսված նիստում կուսակցությունը կհստակեցնի կանոնները:

Առաջադրված եռյակից Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից են, մինչդեռ Հայկ Կոնջորյանն իշխող ուժին է միացել 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Մինչ այդ նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր, և այն ժամանակ մամուլում պնդումներ կային, թե նրա տեղափոխությունը դեպի «Իմ քայլը» դաշինք հովանավորել է Ալեն Սիմոնյանը, որի հետ Կոնջորյանն այժմ պայքարում է խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար:

Անցած սեպտեմբերին ներկուսակցական ընտրությունների արդյունքներով երեքն էլ ընտրվել են ՔՊ վարչության անդամ՝ ստանալով համապատասխանաբար 527, 606 և 648 ձայն։ Չնայած Կոնջորյանն այն ժամանակ կուսակիցների շրջանում ավելի շատ քվե էր ստացել, քան Սիմոնյանն ու Ռուբինյանը, սակայն «Ազատության» աղբյուրների պնդմամբ՝ վարչության ներսում կայանալիք քվեարկությունում նրա ընտրվելու շանսերն այս պահին այնքան էլ բարձր չեն:

Կա՞ արդյոք ակնհայտ առաջատար. այս հարցն ուղղեցինք վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանին։ «Չեմ կարծում, որ կա, որովհետև մարդիկ պետք է գան, խոսեն, լսենք, ընտրողներն էլ որոշում կայացնեն: Կարող է ինչ-որ մեկը նախասիրություններ ունենա, բնական բան է դա, բայց որ ակնհայտ ֆավորիտ լինի, չեմ կարծում», - արձագանքեց նա:

44-օրյա պատերազմից հետո ձևավորված խորհրդարանն իր աշխատանքը սկսել էր լարված մթնոլորտում. առաջին ամիսներին օրենսդիր մարմնում քաշքշոցների ու աղմկոտ միջադեպերի պակաս չկար։ Թեև ժամանակի ընթացքում կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, սակայն լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվեց:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, բայց վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է, որտեղ վիճարկվում է նաև ԲՀԿ-ի դուրս մնալու հարցը: Սրան զուգահեռ դեռ անպատասխան է գլխավոր հարցը՝ արդյոք ընդդիմադիրները կվերցնե՞ն իրենց մանդատները։ Ամեն դեպքում, իշխանական թիմից արդեն հնչում են զգուշացումներ, թե ընդդիմադիրներին խորհրդարանում «քաղաքականապես ոչնչացնելու են»։


Անգամ այս իրավիճակում, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ, խոսնակի անունն էական չէ. ով էլ ընտրվի, միևնույն է՝ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է որոշելու, թե օրենսդիր մարմնի պատասխանատուն ինչպես և ինչ կանոններով պետք է աշխատի։

Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները: Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմության կազմից:

Թեև ընդդիմադիր երկու խմբակցությունները զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկմամբ, Ազգային ժողովի նախագահն այսօր պնդում էր. «Նարեկ Կարենիչ, մտել ես արդարանալու ստաբիլ շրջապտույտի մեջ: Սկզբից բացատրում ու արդարանում ես և արդարանալու ես, թե ինչի եք մանդատները վերցնելու, իսկ դուք մանդատները միանշանակ վերցնելու եք, արդեն բաժանել եք պաշտոնները, թե ով է լինելու փոխնախագահի թեկնածուն, հանձնաժողովների թեկնածուն, խմբակցության ղեկավարը»:

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը ընդդիմությունից արձագանք չկա:

ՔՊ վարչության նիստում, ամենայն հավանականությամբ, նույն ձևաչափով կուսակցության գործադիր մարմինը կընտրի նաև ԱԺ նախագահի տեղակալների իրենց թեկնածուներին:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG