Մատչելիության հղումներ

Նոր աջակցություն՝ դեղձի և թզի իրացման համար

Կառավարությունը հաստատեց արտահանման աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու հարցը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց՝ նախկինում աջակցություն էր տրամադրվում հիմնականում պտուղ-բանջարեղենի ուղղակի արտահանմանը, իսկ այժմ աջակցություն կտրամադրվի նաև վերամշակման նպատակով մթերմանը։

Պապոյանի խոսքով՝ նոր բաղադրիչը վերաբերում է, մասնավորապես, դեղձին և թզին։ Յուրաքանչյուր կիլոգրամի մթերման համար նախատեսվում է 125 դրամ փոխհատուցում։

«Եթե նախորդիվ ուղղակի արտահանումներին էինք աջակցում՝ պտուղ-բանջարեղենի, հիմա վերամշակման նպատակով ենք աջակցություն տալիս։ Այսպիսով, կլուծենք հիմնական խնդիրներից մեկը, որը վերաբերում է թզին ու դեղձին։ Այս նոր բաղադրիչի միջոցով միաժամանակ երկու խնդիր կլուծվի՝ գյուղացիական տնտեսությունների բերքի մթերումն ու սպառումը, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության զարգացումը», - ասել է նախարարը։

Պապոյանի խոսքով՝ Սյունիքում թզի լավ բերք է գրանցվել, իսկ հանրապետությունում բարձր է նաև դեղձի բերքատվությունը։ Ասաց՝ ոլորտն աջակցության կարիք ունի։

«Եթե մենք աջակցում ենք, որ այդ ապրանքը դառնա պահածո, չիր, բնականաբար, նաև ենթադրվում է, որ ավելի մրցունակ՝ գնային առումով, ապրանք ենք ունենալու։ Պատրաստի արտադրանքը տեղական շուկային և արտահանման համար կարող ենք առաջարկել մրցունակ գնով», - նշել է Պապոյանը։

Նախարարի կանխատեսմամբ՝ մինչև սեպտեմբերի 1-ը կմթերվի շուրջ 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ։

XS
SM
MD
LG