Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի աշխատակիցները հայտնաբերել են «կասկածելի ծրար»։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծրարը պարունակել է անհայտ նյութով սրվակներ և այն ուղարկվել է լաբորատորիա՝ հետազոտության։
Կառավարության խոսնակը հրաժարվել է հաստատել միջադեպը, Իսրայելի ոստիկանությունը ևս մեկնաբանություն չի տվել։
Սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի գրասենյակում հայտնաբերվում է կասկածելի առաքում: Վերջին անգամ անվտանգության ուժերը նոյեմբերին էին նմանատիպ մեկ այլ ծրարի պարունակություն ուսումնասիրել, որում վնասակար ոչինչ, ի վերջո, չէին հայտնաբերել։