ՆԱՏՕ-ում կարծում են՝ ՌԴ-ն մտադիր է մինչև տարեվերջ միջուկային զենք ուղարկել տիեզերք, Կրեմլը հերքում է

Ռուսական «Սոյուզ ՄՍ-28» տիեզերանավի արձակման պահը, 27-ը նոյեմբերի, 2025 թ. Բայկոնուր, Ղազախստան
Ռուսական «Սոյուզ ՄՍ-28» տիեզերանավի արձակման պահը, 27-ը նոյեմբերի, 2025 թ. Բայկոնուր, Ղազախստան

Ռուսաստանը միջուկային զենք է պատրաստում տիեզերքում տեղակայելու համար, հաղորդում են գերմանական WDR և NDR հանրային հեռարձակողներն ու Süddeutsche Zeitung թերթը՝ հիմնվելու արևմտյան հետախուզական գործակալությունների գնահատականների վրա:

Ըստ այդ ՆԱՏՕ անգամ երկրների հատուկ ծառայությունների գնահատականների՝ Ռուսաստանը նախատեսում է մինչև 2026 թվականի վերջը միջուկային մարտագլխիկով զինված արբանյակ ուղարկել տիեզերք. արբանյակը կարող է ուղեծիր դուրս բերվել ցանկացած պահի առաջիկա շաբաթներին:

Արբանյակը պատրաստ է արձակման

Նշվում է, որ «Սպուտնիկ-Ս» անունով արբանյակն արդեն ամբողջությամբ հավաքված է և երկար ժամանակ պահվում է Մոսկվայի մարզում։ Արևմտյան հետախուզական գործակալություններն ու ռազմական գերատեսչությունները, այդ թվում՝ Բունդեսվերը և Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը, կարծում են, որ ուղեծիր դուրս գալուց հետո արբանյակը հնարավորինս շուտ պատրաստ կլինի կիրառմամբ:

ՆԱՏՕ-ի մի քանի երկրների իշխանությունները վերջերս համապատասխան նախազգուշացում են ստացել, և Բունդեսվերը այդ մասին տեղեկացրել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսին և Գերմանիայի կառավարության մյուս անդամներին։

Հսկայական սպառնալիք Արևմուտքի համար

Ինչպես նշվում է հրապարակումներում, տիեզերքում միջուկային զենքի տեղակայումը հսկայական սպառնալիք է Արևմուտքի համար, հիմնականում ռազմական առումով: Եթե նման զինված արբանյակ հայտնվի Երկրի ցածր ուղեծրում, ապա, ըստ արևմտյան հետախուզական գործակալությունների, դրան արդյունավետ հակազդելու հնարավորություն գործնականում չի լինի, իսկ զենքի կիրառումը կանխելն անհնար կլինի: Տիեզերքում միջուկային պայթյունը շարքից կհանի ինչպես այլ արբանյակներ, այնպես էլ Երկրի վրա գտնվող տեխնիկական համակարգերը:

WDR, NDR և Süddeutsche Zeitung-ի հարցումներին ի պատասխան՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի նկարագրված գործողությունների մասին: Դիվանագիտական առաքելությունը նաև «վճռականորեն մերժել է Ռուսաստանի տիեզերական գործունեության վերաբերյալ բոլոր անհիմն ենթադրությունները» և լրագրողներին մեղադրել է «քարոզչական արշավ» իրականացնելու մեջ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, թե Մոսկվան նման ծրագրեր ունի:

ՆԱՏՕ-ն տեղյակ է ՌԴ-ի ցանկության մասին

ՆԱՏՕ-ն բազմիցս է մտահոգություն հայտնել տիեզերքում Ռուսաստանի ռազմական սպառնալիքի վերաբերյալ։ 2025 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը ապագայում կարող է պատերազմներ մղել տիեզերքում, այդ թվում՝ արբանյակների դեմ միջուկային զենք կիրառելով։

«Մենք տեղյակ ենք այն հաղորդումների մասին, որ Ռուսաստանը քննարկում է տիեզերքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը»,- ասել էր նա Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

Նա նաև նշել էր, որ Մոսկվայի տիեզերական հնարավորությունները ներկայումս հնացած են և չեն համապատասխանում Արևմուտքի հնարավորություններին։ «Ահա թե ինչու տիեզերքում միջուկային զենքի մշակումը Ռուսաստանի համար իր ներուժը մեծացնելու միջոց է։ Սա լուրջ մտահոգություն է և կհամարվի 1967 թվականի տիեզերական պայմանագրի խախտում»,- նշել էր Ռյուտեն։

2025 թվականի սեպտեմբերին Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Չինաստանը ընդլայնում են իրենց տիեզերական պատերազմի հնարավորությունները, ինչը հիմնարար սպառնալիք է Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի համար։

Բեռլինում կայացած տիեզերական կոնգրեսում ելույթ ունենալով՝ Պիստորիուսը զգուշացրել էր, որ Մոսկվան և Պեկինը կարող են «խափանել արբանյակների աշխատանքը, արգելափակել դրանց կապը, մանիպուլացնել կամ ֆիզիկապես ոչնչացնել դրանք»։ Նա հավելել էր, որ ռուսական հետախուզական արբանյակներն արդեն հետևում են Բունդեսվերի կողմից օգտագործվող IntelSat արբանյակներին։

​
XS
SM
MD
LG