ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամները ռազմանավեր չուղարկեն Հորմուզի նեղուց՝ առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար, Իրանի դեմ պատերազմի 17-րդ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը հիմա յոթ երկրի հետ բանակցում է, որպեսզի իրանական ուժերից պաշտպանեն նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
«Ես պահանջում եմ, որ այս երկրները գան և պաշտպանեն իրենց տարածքը։ Որովհետև դա այն վայրն է, որտեղից նրանք ստանում են իրենց էներգիան։ Եվ նրանք պետք է գային և օգնեին մեզ պաշտպանելու այն», - նշել է ԱՄՆ նախագահը:
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն էլ հայտարարել է, որ դաշինքը կքննարկի հարցը, քանզի ԵՄ շահերից է բխում նեղուցը բաց պահելը: Սակայն ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ դեմ են արտահայտվել:
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ցանկանում են խնդիրը դիվանագիտությամբ լուծել: Բորիս Պիստորիուսը նաև ասել է, որ սա իրենց պատերազմը չէ. «Ես շատ ուշադիր կմտածեի, նախքան նման քայլ կատարելը, և ես բացարձակապես ոչ մի պատճառ չեմ տեսնում դա անելու համար։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն։ Մենք ուզում ենք դիվանագիտական լուծումներ և արագ ավարտ»։
Գերմանիայի արտգործնախարարը Յոհան Վադեֆուլն էլ ասել է, որ Բեռլինը չի կարծում, որ ՆԱՏՕ-ն անելիք ունի այս հարցում:
Հորմուզի նեղուցը այսպես, թե այնպես պետք է բացվի, և Մեծ Բրիտանիան դաշնակիցների հետ աշխատում է կենսունակ ծրագրի վրա, հայտարարել է երկրի վարչապետը: Քիր Սթարմերն ընդգծել է, որ դա ՆԱՏՕ-ի առաքելությունը չէ, ապա հավելել՝ երկիրը չի ներքաշվի ավելի լայն պատերազմում:
«Թույլ տվեք հստակեցնել, դա չի լինելու և երբեք էլ նախատեսված չի եղել որպես ՆԱՏՕ-ի առաքելություն, դա պետք է լինի գործընկերների դաշինք, այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք գործընկերների հետ՝ թե՛ Եվրոպայում, թե՛ Պարսից ծոցում, թե՛ ԱՄՆ-ում», - նշել է նա։
ՆԱՏՕ-ի անդամներ Իտալիան և Հունաստանը նույնպես հրաժարվել են: Ճապոնիան ևս հայտարարել է, որ չի միանա:
Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին
Ու մինչ ՆԱՏՕ-ի անդամները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզ, որտեղով բեռնափոխադրումները խաթարվել են պատերազմից հետո, Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածները իրանական մի քանի քաղաքների, այդ թվում՝ Թեհրանի վրա, որտեղ ոչնչացրել են ռազմատիեզերական ծրագրի մշակման համար օգտագործվող համալիրը: Կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելի բանակը պնդել է, որ ոչնչացրել է ինքնաթիռը, որը սպասարկում էր Իրանի սպանված գերագույն առաջնորդին և այլ պաշտոնյաների:
Իսրայելը միաժամանակ հարվածել է Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին: Շարժումը ևս պատասխան հարվածներ է հասցրել:
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բանակը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում։ Իսրայել Կացը սպառնացել է, որ «Հեզբոլա»-ն բարձր գին կվճարի Իսրայելի հասցրած վնասի համար, իսկ շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը կարող է շուտով արժանանալ իր նախորդի ճակատագրին, որին Իսրայելն է սպանել։
Բանակի խոսնակն ասել է, որ դեռ հազարավոր թիրախներ կան, որոնք պետք է խոցեն: Գեներալ Էֆի Դեֆրինը նաև նշել է, որ բանակը կվերացնի Իսրայելի համար վտանգ ներկայացնող բոլոր սպառնալիքները։ «Մենք կշարունակենք հարվածներ հասցնել Իրանում և «Հեզբոլա»-ին, մինչև չվերացնենք սպառնալիքները և չհասնենք գործողության նպատակներին»։
Իսրայելի զինված ուժերից նաև հայտնել են, որ պատերազմը կարող է շարունակվել առնվազն երեք շաբաթ:
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել
Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական մի քանի քաղաքի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Իրանական զինուժը նաև հարվածել է Դուբայի միջազգային օդանավակայանի վառելիքի պահեստին, Ֆուջեյրա արդյունաբերական գոտուն, թիրախների Սաուդյան Արաբիայում և Կատարում:
Իրանի արտգործնախարարը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ: Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է պատերազմել այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այլևս չկրկնվի:
«Կարծում եմ՝ նրանք արդեն լավ դաս են քաղել և հասկացել են, թե ինչ պետության հետ գործ ունեն, որը չի տատանվում պաշտպանվել և պատրաստ է շարունակել պատերազմը … և այնքան հեռուն գնալ, որքան անհրաժեշտ է», - նշել է Արաղչին:
Պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Իրանում սպանվել է 1444 մարդ, վիրավորվել ավելի քան 18,550-ը: Լիբանանում սպանվել է առնվազն 856 մարդ, վիրավորվել ավելի քան 2100-ը: Իսկ Իսրայելում սպանվել է 15, վիրավորվել առնվազն 3370 մարդ:
Պատերազմի հետևանքները մեղմելու համար ԵՄ-ն հայտարարել է, որ 525 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Մերձավոր Արևելքին: