Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի կործանիչներին թույլատրվել է Բալթյան երկրների երկնքում խոցել անվտանգությանը սպառնացող ռազմական օդանավերը

ՆԱՏՕ-ն ընդլայնում է Բալթյան երկրների օդային տարածքը հսկող ռազմաօդային ուժերի լիազորությունները։ Կործանիչների օդաչուները կստանան օդային տարածքը խախտող և անվտանգությանը սպառնացող օբյեկտները՝ անօդաչու թռչող սարքերն ու ռազմական ինքնաթիռները, խոցելու իրավունք։ Դրա համար նրանց այլևս անհրաժեշտ չի լինի քաղաքական մակարդակով թույլտվություն ստանալ։

«ՆԱՏՕ-ն Բալթյան երկրների օդային տարածքի պարեկության առաքելությունը վերափոխում է հակաօդային պաշտպանության առաքելության, ինչը Դաշինքին կապահովի ավելի մեծ ճկունություն և թույլ կտա ավելի արագ արձագանքել օդային սպառնալիքներին»,- X սոցիալական ցանցում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Բացի այդ, նրա խոսքով՝ Էստոնիայի Էմարի ավիաբազան այժմ կդառնա ՆԱՏՕ-ի պաշտոնական օպերատիվ բազա։

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը ERR-ին պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուներին «այլևս պետք չէ կապ հաստատել մայրաքաղաքի հետ»։

«Հրամանատարական կենտրոնը հրահանգ է տալիս. նախ, օրինակ, ռադարի միջոցով նույնականացնում ենք թռչող օբյեկտը։ Այնուհետև օդաչուն այն նույնականացնում է, և հենց որ հաստատվում է, որ վնասը հնարավոր է կանխել կամ հասցնել նվազագույնի, այլևս որևէ սահմանափակում չի մնում, որը կխանգարի օդաչուին սեղմել կոճակը»,- պատմել է նա։

XS
SM
MD
LG