ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամները ռազմանավեր չուղարկեն Հորմուզի նեղուց՝ առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար, Իրանի դեմ պատերազմի 17-րդ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը և սպառնացել՝ ԱՄՆ-ն չի մոռանա, եթե որևէ երկիր հրաժարվի օգնել:
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը հիմա յոթ երկրի հետ բանակցում է, որպեսզի իրանական ուժերից պաշտպանեն նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
«Ես պահանջում եմ, որ այս երկրները գան և պաշտպանեն իրենց տարածքը։ Որովհետև դա այն վայրն է, որտեղից նրանք ստանում են իրենց էներգիան։ Եվ նրանք պետք է գային և օգնեին մեզ պաշտպանելու այն», - նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հատուկ հիշատակել է նեղուցով տեղափոխվող նավթից մեծ կախում ունեցող Չինաստանը՝ սպառնալով հետաձգել երկրի առաջնորդի հետ հանդիպումը, եթե Պեկինը չաջակցի:
Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը շփումների մեջ է Թեհրանի հետ։ Իրանի արտգործնախարարը, սակայն, հերքել է, թե բանակցում են՝ ասելով, որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այլևս չկրկնվի: Աբբաս Արաղչին նաև շեշտել է՝ Հորմուզը փակ է միայն «թշնամիների համար»:
ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի արտգործնախարարը կասկածում է, որ Հորմուզում անվտանգություն ապահովելու գործողությունն արդյունավետ կլինի: Յոհան Վադեֆուլը նաև ասել է, որ Բեռլինը չի տեսնում ՆԱՏՕ-ի դերն այս հարցում: «Եթե դա այդպես լիներ, ՆԱՏՕ-ի մարմինները կանդրադառնային դրան», - ասել է նա։
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն էլ հայտարարել է, որ դաշինքը կքննարկի, թե ինչ կարելի է անել, քանզի ԵՄ շահերից է բխում նեղուցը բաց պահելը: Ճապոնիան, սակայն, պլաններ չունի ռազմանավեր ուղարկել Հորմուզ, հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին:
«Քանզի մենք դեռ նման խնդրանք չենք ստացել, մեզ համար դժվար է պատասխանել հիպոթետիկ հարցերին... բայց մենք շարունակում ենք քննարկել, թե ինչպես կարող ենք պաշտպանել ճապոնական նավերի և դրանց անձնակազմի կյանքը», - ասել է Ճապոնիայի վարչապետը։
Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին
Ու մինչ Թրամփը փորձում է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, որտեղով բեռնափոխադրումները խաթարվել են պատերազմից հետո, Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարվածել են Թեհրանին, Խոմեյն քաղաքի տղաների դպրոցին, Մարկազի նահանգին, Չաբահար քաղաքի ռազմական օբյեկտներին: Կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելի բանակը պնդում է, որ գիշերը ոչնչացրել է ինքնաթիռը, որից օգտվում էին Իրանի սպանված գերագույն առաջնորդը, իրանցի այլ պաշտոնյաներ:
Իսրայելը միաժամանակ հարվածել է Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին:
Բանակի խոսնակն ասել է, որ դեռ հազարավոր թիրախներ կան, որոնք պետք է խոցեն: Գեներալ Էֆի Դեֆրինը նաև նշել է, որ բանակը կվերացնի Իսրայելի համար վտանգ ներկայացնող բոլոր սպառնալիքները. «Մենք կշարունակենք հարվածներ հասցնել Իրանում և «Հեզբոլա»-ին, մինչև չվերացնենք սպառնալիքները և չհասնենք գործողության նպատակներին»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել
Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական մի քանի քաղաքի: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:
Իրանական զինուժը նաև հարվածել է Դուբայի միջազգային օդանավակայանի վառելիքի պահեստին, Ֆուջեյրա արդյունաբերական գոտուն, թիրախների Սաուդյան Արաբիայում և Իրաքում: Աբու Դաբիում խոցված հրթիռի բեկորներն ընկել են մեքենայի վրա, մեկ մարդ է տուժել:
Իրանը հայտարարել է, որ Կարմիր ծովում գտնվող ամերիկյան USS Gerald Ford ավիակիրը սպառնալիք է իր համար, հետևաբար, նավը սպասարկող օբյեկտները լեգիտիմ թիրախ են իրանական զինուժի համար։
Պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Իրանում սպանվել է 1444 մարդ, վիրավորվել ավելի քան 18,550-ը: Լիբանանում սպանվել է առնվազն 856 մարդ, վիրավորվել է ավելի քան 2100 մարդ, տեղահանվել ավելի քան 800,000-ը: Իսրայելում սպանվել է 15, վիրավորվել առնվազն 3370 մարդ: