«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալով առաջարկեց օրենք ընդունել, որն ընդդիմադիր ուժն անվանում է «հակասաֆարովյան»: Կարապետյանը նշեց, որ այդ օրենքով «ադրբեջանցիներին իրավունք չի տրվի 10 օրից ավելի գտնվել մեր երկրում, ունենալ գույք կամ հող այստեղ»:
«Պետք է լուծել մեկ հարց. թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանա խաղաղության պայմանագրի շրջանակում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում: Մեր քաղաքական ուժի նպատակն է լուծել հարցն այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանը կացնահարվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Հունգարական դատարանը թեև ցմահ ազատազրկման էր դատապարտել մարդասպանին, սակայն հետագայում Հունգարիան նրան արտահանձնել էր Բաքվին, որտեղ Սաֆարովը ոչ միայն ազատ էր արձակվել, այլև բարձր պարգևների արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Դեռ նախընտրական շրջանում՝ մայիսին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե իշխանություն գալուց անմիջապես հետո ընդունելու են «Սաֆարովի կանխարգելման օրենք»։
«Մենք առաջարկում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևիցե ֆիզիկական կամ իրավաբանական անձ` որպես իրական շահառու, ՀՀ-ում գործունեություն ծավալող, չի կարողանալու ձեռք բերել մեր երկրում որևէ անշարժ գույք։ Մեր Սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք ոչ միայն հողի, մենք խոսում ենք նաև անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին», պարզաբանել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ օրենքն այլ կերպ կոչվելու է ատելության կանխարգելման փաթեթ։
Պաշտոնական Երևանը պնդում է, որ «արևմտյան ադրբեջանցիների» հարց Բաքվի հետ չի քննարկվել ու չի քննարկվելու։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին էր մեղադրում «Հայաստանի պետական շահերի դեմ գործելու» և «300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մղելու փորձերի» համար։
Պաշտոնական Երևանը պնդում է՝ խաղաղության հաստատմամբ փակում են և՛ Ղարաբաղյան շարժումը, և՛ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հարցը: