Մատչելիության հղումներ

Նարեկ Կարապետյանի կալանավորման միջնորդության քննությունը ԿԸՀ-ն կշարունակի վաղը

Լրացված

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու Գլխավոր դատախազության միջնորդության քննությունը կշարունակվի վաղը:

Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց՝ գրեթե որոշում կայացնելու փուլում էին ԿԸՀ անդամները, սակայն կազմակերպչական որոշ հարցերի պատճառով նիստը կշարունակվի վաղը:

Վարդևանյանը հայտնեց, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:

Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։ Ըստ իրավապահների՝1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Սամվել Կարապետյանն այս գործը համարում է իր թիմի դեմ հերթական ապօրինությունը:

«Իրականության, իրավունքի, օրենքի, նույնիսկ տրամաբանության հետ կապ չունի այս միջնորդությունը և հնարավոր մեղադրանքը», - ասաց փաստաբանը:

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատություն զրկելու պահանջով միջնորդությունը Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել հուլիսի 13-ին:


XS
SM
MD
LG