Մատչելիության հղումներ

Մյունխենն ուկրաինացի երկու զինվորականների սպանության մեղադրանքով ՌԴ քաղաքացու է կալանավորել

Ուկրաինացի երկու զինվորականների սպանության գործով Մյունխենի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի մի քաղաքացու, հայտնում է Euronews-ը։

Վերին Բավարիայի Մուրնաու քաղաքի առևտրի կենտրոնում ապրիլի վերջին հայտնաբերվել էին 23 և 36 տարեկան Ուկրաինայի քաղաքացիների դիեր՝ դանակահարության հետքերով։ Զինծառայողներից մեկը ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, մյուսը հոսպիտալացվել էր, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։

Ապրիլի 28-ին Բավարիայի ոստիկանությունը հայտնել է 57-ամյա ռուսաստանցու ձերբակալության մասին։ Կասկածյալի անունը չի նշվում։ Հայտնի է, որ նա Գերմանիայում է ապրում 1990-ականներից։

Ոստիկանության տվյալներով՝ ապրիլի 27-ին «տղամարդկանց միջև վեճիբանություն է սկսվել ուկրաինական պատերազմի շուրջ»։ Հետաքննությունը կարծում է, որ մեղադրյալը սպանել է երկու ուկրաինացիներին, քանի որ «վիրավորվել էր նրա ազգային արժանապտվությունը»։

Բավարիայի ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի քննիչները կասկածյալին բնութագրել են որպես «ազգայնական» և «ռուսական ագրեսիայի հավատարիմ աջակից», գրում է Euronews-ը։

Կասկածյալը ձերբակալվել է սեփական բնակարանում և այժմ կալանքի տակ է։

Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մահացած զինծառայողները բժշկական վերականգնողական փուլ էին անցնում Գերմանիայում։

XS
SM
MD
LG