Մատչելիության հղումներ

Մյասնիկյան պողոտայում հայտնված «զեբրը» պարզվեց՝ ավանակ էր

Արտապատկերում Shamshyan.com-ում հրապարակված տեսանյութից
Արտապատկերում Shamshyan.com-ում հրապարակված տեսանյութից

Երևանի Մյասնիկյան պողոտայում «իրեն զեբրի տեղ դրած» ավանակ տեսնելը խառնաշփոթ առաջացրեց նախ տեղում, ապա՝ լրահոսում։

«Զեբր է փախել գազանանոցից». - առավոտյան 8:05 է Ոստիկանությունն ահազանգն ստացել։ Այստեղ էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

«Ինձ արթնացրեց առավոտը ԱԻՆ-ի զանգը, ճշտում էին՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, թե՞ չէ, ես միանգամից հերքեցի». - Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ասում է՝ միանգամից է հերքել, որ այգուց զեբր է փախել, որովհետև անհնար էր. - «Ցանցապատը այնքան բարձր է, որ զեբրերը ուղղակի չեն կարող ազատավանդակը լքեն»։

Բոլորին հրավիրեցին համոզվելու, որ Մարտին, Մոնան ու Մամին՝ այգու երեք զեբրերը՝ ծնված հինգ տարի առաջ Հարավային Աֆրիկայում, իրենց ազատավանդակում են, հիացնում են այգու մայիսմեկյան այցելուներին։

Այդ դեպքում ո՞վ է Մյասնիկյանի մայթին հայտնված մոլորյալը։ Պարզվեց՝ կենդանու մասնակցությամբ գովազդային հոլովակ է նկարահանել հայաստանյան մի նորաստեղծ ընկերություն, որի խորհրդանիշը զեբրն է։ Մոտեցումը՝ «ինչքան շատ խոսեն մեր մասին, այդքան՝ լավ», բայց ինչո՞ւ ներկել ու ֆոտոսեսիայի քարշ տալ իշուկին։

«Նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում, և օգտագործվել են կենդանու համար անվտանգ էկոլոգիական ներկեր», - վստահեցնում է ընկերությունը:

Կենդանաբանական այգում, սակայն, չեն ողջունում ավանակին զեբրի զոլերով պողոտա հանելու այս մոտեցումը։

«Չգիտեմ ինչ ներկեր են օգտագործվել, հնարավոր է, որ օրգանիկ ներկեր են օգտագործվել, որոնք ուղղակի վնաս չեն հասցնում: Բոլոր դեպքերում՝ կենդանու հանդեպ դա որոշակի ոտնձգություններ է, որը որ իմ համար ընդունելի չէ», - ընդգծեց Աշոտ Ասլանյանը:

Ավանակին ներկած ընկերությունն այսօր հրապարակային առաջարկ է հղել Կենդանաբանական այգուն՝ ուզում են ստանձնել այգում ապրող զեբրերի խնամքը, ապահովել նրանց հարմարավետ կյանքը։

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվողները տարակուսում են։

«Ինչպե՞ս կարելի է մի կենդանու տանջել, դնել աննորմալ իրավիճակում և այսպիսի վերաբերմունք դրա նկատմամբ ցույց տալ անպատասխանատու, իբրև թե ուրիշ կենդանու պաշտպանելու համար». - «Փրո Փոուզ» կենդանիների պաշտպանության բրիտանական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանն անընդունելի, անհեթեթ ու անտրամաբանական ակցիա է համարում այս ամենը։

«Կենդանու նկատմամբ ցանկացած միջամտություն, որը հակասում է նրա բնականոն վարքին, տվյալ դեպքում՝ ավանակի նկատմամբ տարբեր նյութերի կիրառումը, նրան ստիպել ինչ-որ գործողություն անելը, բերել քաղաքային միջավայր, որտեղ նրա անվտանգությունը հնարավոր չի ապահովել, էլ մեջբերել, որ դրա համար կա տիրոջ թույլտվությունը, բացարձակ անընդունելի է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արամյանը:

Կենդանաբանական այգուց դեռ չեն հստակեցնում՝ ընդունելո՞ւ են զեբրերին հովանավորելու առաջարկը ավանակին ներկած ընկերությունից։ Փոխտնօրենը շեշտեց՝ կենդանիներին գովազդներում ներգրավելուն դեմ են. - «Անմիջապես գովազդներում ներգրավելու բոլոր դիմումներ՝ ներկա, ապագա, ապառնի, ես միանշանակ դեմ եմ լինելու»։

Այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանն ապշում է՝ ինչպե՞ս է իշուկը զեբր ներկայացվել, ո՞վ է հավատացել, դրանք գենետիկորեն, նաև տեսքով բոլորովին տարբեր են։ Կենդանուն ներկելն ու ցուցադրելը կենդանաբանը համարում է նրա բարեկեցության սկզբունքին հակասող։ Իշուկը գույք չէ, ունի էմոցիաներ ու սթրեսից հեռու մնալու իրավունք։

«Կենդանիներն էլ ունեն իրենց բնավորությունը, սովորությունները, ցանկությունները, հոգեբանությունը, կենդանիները նույնպես բավական
էմոցիոնալ էակներ են», - նշեց Աշոտ Արամյանը:

Որտե՞ղ է անսպասելի գրիմով հայտնի դարձած իշուկը։ Ընկերությունից վստահեցնում են՝ նա արդեն ֆերմայում է՝ լողացած։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG