Կրեմլը հաղորդում է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ՝ Թեհրանի դեմ իրականացվող, իր ձևակերպմամբ, «բացահայտ ագրեսիայով» պայմանավորված, և խորապես հիասթափված է իրադարձությունների այսպիսի զարգացմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ դատապարտել էր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը՝ այն անվանելով «ցինիկ» սպանություն, իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել էր Մերձավոր Արևելքին «էսկալացիայի անկառավարելի անդունդ» մղելու մեջ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փոխանցել է, որ Ռուսաստանը վերլուծում է իրավիճակը և սեփական եզրակացություններն է անում։ «Ինչ վերաբերում է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցություններին, ապա կարող ենք միայն խոր հիասթափություն հայտնել, որ այդ բանակցություններում զգալի առաջընթացի մասին հաղորդումների ֆոնին իրավիճակը, այդուհանդերձ, վերածվեց բացահայտ ագրեսիայի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Պուտինն այսօր ավելի ուշ նախատեսում է Իրանի հետ կապված միջազգային հեռախոսազրույց, սակայն չի բացահայտել, թե ում հետ։
«Կարող եմ միայն ասել, որ մենք մշտական կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ և քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ շարունակում ենք երկխոսությունը այն երկրների ղեկավարների հետ, ում վրա հակամարտությունն ազդեցություն է թողել, ներառյալ Պարսից ծոցի պետությունները», - նշել է Պեսկովը։