Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Թեհրանում վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից ելք փնտրելու գործում: Նրա կարծիքով՝ կարևոր է վերադառնալ Հորմուզի նեղուցում մինչհակամարտային իրավիճակին:
«Մենք վերլուծեցինք Իրանի դեմ ամերիկա-իսրայելական չհրահրված ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը: Վերստին նշեցի այդ մարդածին ճգնաժամից դուրս գալու համար փոխադարձաբար ընդունելի հանգուցալուծումների որոնման գործում օժանդակելու մեր երկրի պատրաստակամությունը», - հայտարարել է Լավրովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Մենք ողջունեցինք տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման համար դիվանագիտության ռեսուրսն օգտագործելու Թեհրանի նպատակադրվածությունը», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը նաև շեշտել է, որ «կարևոր է վերադառնալ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում մինչհակամարտային իրավիճակին, ներառյալ նավագնացության ազատության վերականգնումը և ագրեսիայի չկրկնվելու երաշխիքները»:
Նախարարի խոսքով, Ռուսաստանը չի հրաժարվի տնտեսական ոլորտում Իրանի հետ համաձայնություններից՝ չնայած բարդ իրավիճակին:
«Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել տնտեսական, ներդրումային բնագավառներում Իրանի հետ համաձայնությունների իրականացումից», - վստահեցրել է Լավրովը՝ հավելելով, մասնավորապես, որ ռուսաստանցի մասնագետներն աստիճանաբար վերադառնում են Բուշերի ատոմակայան:
Աբբաս Արաղչին, իր հերթին, բարձր է գնահատել ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպումը և արդյունավետ որակել այն:
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի իրականացումը դրանք նոր մակարդակ են դուրս բերել, հայտարարել է Արաղչին: