Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց Զատկի զինադադարը խախտելու մեջ

Այսօր Ուկրաինայի վրա արձակված անօդաչու թռչող սարքի վրա գրված է՝ «Զինադադար չի՛ լինելու»
Այսօր Ուկրաինայի վրա արձակված անօդաչու թռչող սարքի վրա գրված է՝ «Զինադադար չի՛ լինելու»

Ռուսաստանը և Ուկրաինան հաղորդում են երեկ ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտումների մասին՝ դրանց համար մեղադրելով միմյանց:

Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է գիշերը ռուսական ուժերի կողմից շտապ բուժօգնության ավտոմեքենային անօդաչու թռչող սարքով հասցված հարվածի մասին: Տուժել են երեք բուժաշխատողներ:

Դոնեցկի և Խերսոնի մարզերի իշխանությունները հայտարարել են, որ շաբաթ օրը ռուսական զորքերի հարվածների հետևանքով զոհվել են երկու մարզերի ընդհանուր թվով երեք և վիրավորվել են 28 բնակիչներ:

Երեկ երեկոյան Դնեպրոպետրովսկի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից մի մարդ ծանր վիրավորվել է:

Ուկրաինական DeepState նախագիծը հրապարակել է տեսանյութ, որը, ըստ նկարագրության, ցույց է տալիս ռուսական զինուժի անօդաչուների գրոհը ուկրաինացի երկու վիրավորների վրա, որոնք զինադադարի սկսվելուց հետո փորձում էին տարհանվել: Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Զապորոժիեի մարզում:

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, իր հերթին, հաղորդել է ուկրաինական զինուժի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մարզի երկու բնակիչների վիրավորվելու մասին:

Անօդաչուների գրոհների մասին հաղորդումներ են ստացվել նաև Կուրսկի մարզից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինային մեղադրել է զինադադարի 1971 խախտման համար: Այս տվյալների հավաստիությունը անկախ աղբյուրներից ճշտել հնարավոր չէ:

Ուկրաինական Exilenova տելեգրամյան ալիքը, այդուհանդերձ, վստահեցնում է, որ «զինադադարը ռազմաճակատի հատվածների մեծ մասում իրոք գործում է»: «Երկու կողմից էլ թռչում են հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Երկու կողմում էլ դրանք խոցվում են», - գրում է Exilenova-ն: Մոտավորապես նույնն են հաղորդում նաև ռուսամետ ալիքները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը հայտարարեց Ուկրաինայի հետ «Զատկի զինադադարի» մասին՝ ապրիլի 11-ի ժամը 16-ից մինչև կիրակի օրվա ավարտը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահեցրեց, որ իր երկիրը կպահպանի հրադադարի ռեժիմը և «կգործի բացառապես հայելային». - «Երկնքում, երկրի վրա և ծովում ռուսական հարվածների բացակայությունը կնշանակի մեր պատասխանների բացակայություն»:

XS
SM
MD
LG