Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է ռուս լրագրող, հաղորդավար Յուրի Դուդին՝ ահաբեկչություն հրահրելու համար, հաղորդում է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։
«2026 թվականի սեպտեմբերի 29-ին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Յուրի Ալեքսանդրի Դուդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը՝ սկսած նրա՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանձնման դեպքում Ռուսաստանի իրավապահ մարմիններին փոխանցման օրվանից կամ Ռուսաստանի Դաշնությունում նրա կալանքի օրվանից»,- ասվում է տարածված հայտարարությունում։
Այս որոշումից առաջ ՌԴ Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը՝ «Ռոսֆինմոնիտորինգը» ռուս լրագրողին ներառել էր ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում, ինչը նշանակում է, որ նրա դեմ քրեական գործ կա հարուցված։ Սակայն գործի մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել։
Դուդը, որն ապրում է արտերկրում, անցյալ աշնանը Ռուսաստանում հեռակա դատապարտվել է մեկ տարի 10 ամիս ազատազրկման՝ «օտարերկրյա գործակալի» իր պարտականություններից խուսափելու համար։ Սա առաջին իրական բանտարկությունն էր (թեև հեռակա) այս մեղադրանքով, որը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում։
Յուրի Դուդը հայտնի է անվանի մարդկանց հետ իր տեսահարցազրույցներով, այդ թվում՝ Կրեմլի քննադատ քաղաքական և հասարակական գործիչների։ Այս տարվա ապրիլին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել էր Դուդի գործողություններին «իրավական գնահատական» տալ այն բանից հետո, երբ լրագրողը հարցազրույց էր վերցրել Ուկրաինայի կողմից կռվող Ռուսաստանի կամավորական կորպուսի հիմնադիր Դենիս Կապուստինի հետ:
Ռուսաստանի իշխանությունները «Ռուսական կամավորական կորպուսը» համարում են ահաբեկչական կազմակերպություն, և դրանում ներգրավված անձանց դատապարտում են երկարատև ազատազրկման՝ ահաբեկչության կամ պետական դավաճանության մեղադրանքներով։
Հետաքննության արդյունքները հրապարակայնորեն չեն հայտարարվել։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք քրեական գործը կապված է Կապուստինի հետ հարցազրույցի հետ։
Ռուսաստանի արդարադատության նախարարության «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում Յուրի Դուդը գրանցված է 2022 թվականից ի վեր: