Ռուս լրագրող և բլոգեր Յուրի Դուդը ներառվել է ՌԴ Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության՝ «Ռոսֆինմոնիտորինգ»-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում: Ինչպես տեղեկացնում է «Ազատության» ռուսական ծառայությունը, ցուցակում նրա անվան դիմաց աստղանիշ կա, ինչը որպես կանոն ցույց է տալիս, թե տվյալ անձը ներգրավված է ահաբեկչության գործերում:
2026 թվականի ապրիլի 3-ին էր Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը կարգադրել հետաքննություն սկսել Դուդի նկատմամբ, որը մինչ այդ` 2022 թվականի գարնանն արդեն «օտարերկրյա գործակալ» էր Ռուսաստանում ճանաչվել և լքել երկիրը:
Հետաքննությունը սկսվել էր նրա մի տեսահարցազրույցից հետո, որը վերցրել էր Ուկրաինայի կողմից կռվող «Ռուսական կամավորական կորպուսի» առաջնորդ Դենիս Կապուստինից։ Հարցազրույցը 24 ժամում ավելի քան 2.5 միլիոն դիտում էր հավաքել և լայնածավալ վեճերի պատճառ դարձել, մի քանի մեկնաբաններ լրագրողին մեղադրել էին ահաբեկչությունն արդարացնելու մեջ։
Ռուսաստանի իշխանությունները «Ռուսական կամավորական կորպուսը» համարում են ահաբեկչական կազմակերպություն, և դրանում ներգրավված անձանց դատապարտում են երկարատև ազատազրկման՝ ահաբեկչության կամ պետական դավաճանության մեղադրանքներով։
Ինչպես նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում, «տեսանյութը պարունակում է արգելված մարդատյաց գաղափարախոսությունների դրական գնահատականներ, ինչպես նաև մարդկանց նկատմամբ բռնի գործողությունների մասսայականացման նշաններ՝ նրանց էթնիկ պատկանելության հիման վրա»։
Կոմիտեն նաև հիշեցրել է, որ Կապուստինը Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս կապակցությամբ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը գերատեսչության գլխավոր քննչական վարչությանը հանձնարարել է «վերանայել հրապարակված նյութերը և իրավական գնահատական տալ բլոգերի [այսինքն՝ Դուդի – խմբ.] գործողություններին»:
2022 թվականից ի վեր Յուրի Դուդը նաև գրանցված է Ռուսաստանի արդարադատության նախարարության «օտարերկրյա գործակալների» գրանցամատյանում: 2025 թվականի նոյեմբերին Մոսկվայի դատարանը լրագրողին հեռակա կարգով դատապարտեց մեկ տարի 10 ամիս ազատազրկման՝ «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու համար: