Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը հեռակա կալանավորել է «Դոժդ» հեռուստաընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Նատալյա Սինդեևային և գլխավոր տնօրեն Մարկ Տենին՝ անցանկալի կազմակերպության գործունեությունը կազմակերպելու հոդվածով, հաղորդել է քաղաքի դատարանների մամուլի ծառայությունը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագծի փոխանցմամբ՝ օգոստոսի 17-ին հայտնի է դարձել Սինդեևայի դեմ քրեական գործի մասին: Ըստ գործի նյութերի՝ «Դոժդ»-ը գործում է TVR Studios B.V. իրավաբանական անձի բազայի վրա: 2023 թվականին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «անցանկալի» է ճանաչել SIA TV Rain-ը (Լատվիա) և TVR Studios B.V.-ը (Նիդերլանդներ)՝ «ծայրահեղական կազմակերպության, ահաբեկչական կազմակերպությունների, օտարերկրյա գործակալների նյութերը տարածելու», իշխանություններին «վարկաբեկելու» և «հատուկ ռազմական գործողության վերաբերյալ ոչ-հավաստի տեղեկություններ տարածելու» համար:
Նատալյա Սինդեևան «Դոժդ»-ի հիմնադիրը և նախկին գլխավոր տնօրենն է: 2024-ին գլլխավոր տնօրենի պաշտոնը զիջել է Տենին, իսկ ինքը գլխավորել է տնօրենների խորհուրդը՝ մնալով «Դոժդ»-ի հիմնական բաժնետերը:
Ռուսաստանում ռազմական «ֆեյքեր» տարածելու, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը խախտելու մեղադրանքներով հեռակա դատապարտել են նաև «Դոժդ»-ի մի շարք լրագրողների, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոյին՝ 8 տարվա, նրա կնոջը՝ հաղորդավարուհի Եկատերինա Կոտրիկաձեին՝ 8 տարվա, լրագրող Վալերի Կիչիգինին՝ 10 տարվա, հաղորդավարուհի Վալերիա Ռատնիկովային՝ 7.5 տարվա ազատազրկման: